Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի որոշումն, իհարկե, զուտ բարոյական նշանակություն ունի և կանդրադառնա այդ երկրի հեղինակության վրա, բայց հաշվի առնելով, որ Եվրոպան էներգառեսուրսների առումով կախվածության մեջ է Ադրբեջանից՝ այդ երկրի դեմ լուրջ պատժամիջոցներ չի կիրառի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության՝ ԵԽԽՎ-ից առնվազն մեկ տարով հեռացվելու փաստին։
«Եվրոպան ասել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի, իսկ Ադրբեջանն իր հերթին ԵԽԽՎ որոշումը կընդունի որպես սիմվոլիկ ժեստ՝ քայլ, որը ռեալ հետևանքներ չի ունենա։ Իհարկե, ԵԽԽՎ ընդունած որոշումից հետո Ադրբեջանի վերաբերմունքն ու քաղաքականությունը չեն փոխվի։
Իսկ ստանձնած պարտավորությունները կատարել այդ երկրին կարող են ստիպել միայն պատամիջոցները։ Եթե Ադրբեջանի նկատմամբ կիրառվի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների գոնե 10 տոկոսը, ամեն բան այլ ընթացք կստանա։
Եթե Եվրոպան Ադրբեջանից տարեկան 16 միլիարդ դոլարի գազ չգնի՝ հրաշալի իմանալով, որ դրա կեսը ռուսական է, Ալիևը շատ արագ կփոխի իր պահվածքը»,- ասաց մեր զրուցակիցը։
Արթուր Խաչիկյանի խոսքով, սակայն, Արևմուտքը չի ցանկանում գնալ ռեալ քայլերի։
«Արևմուտքի ռեալ թշնամին Ռուսաստանն է, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան շատ կարևոր են նրա համար։ Այդ է պատճառը, որ Արևմուտքը չի փչացնի վերջիններիս հետ իր հարաբերությունները, ուղղակի հեռացնելով ադրբեջանական պատվիրակությանը՝ ԵԽԽՎ-ն ընդամենը գեղեցիկ ժեստ է անում։
Նույնպիսի գեղեցիկ ժեստ օրերս արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Եթե ուշադիր լսենք, այդ մարդն ի օգուտ Հայաստանի որևէ կոնկրետ բառ չասաց։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում նա մի քանի անգամ հայտարարել է, որ Ֆրանսիան չի լքի և միշտ կօգնի Հայաստանին, բայց երբ հարցնում են՝ կոնկրետ ինչով կօգնի, Մակրոնը պատասխանում է՝ հումանիտար օգնությամբ, այսինքն՝ սնունդ և դեղորայք։ Նա չի խոսում ռեալ ռազմական օգնության մասին։ Ֆրանսիայից առավելագույնն ուղարկում են ժողովրդի լեզվով ասած «սպիսատ արած» БТР-ները, որոնք 23 տարի առաջ արդեն մի կողմ են գցել, չեն օգտագործում»,- նշեց մեր զրուցակիցը։
Արթուր Խաչիկյանի համոզմամբ՝ եթե Եվրոպան ռեալ ցանկանար փոխել Ադրբեջանի պահվածքը, սատար կանգնել Հայաստանին և Արցախում էթնիկ զտումներ թույլ չտալ, պարզապես կասկածի տակ կդներ Ադրբեջանի հետ 16 միլիարդ դոլարի գազային պայմանագիրը և պատժամիջոցների սպառնալիք կներկայացներ այդ երկրին։
«Դա ամեն ինչ շատ շուտ կփոխեր, բայց թուրքերը լավ դիվանագետներ են։ Նրանք գիտեն, որ Եվրոպայի կողմից այս ժեստերը դատարկ են, և դրանք ռեալ փոփոխության չեն հանգեցնի»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
Խորհրդարանական վեհաժողովը նշեց, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։