Այսօր դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել են 2 ժամ, որից հետո խնդրել են դուրս գալ այնտեղից։
Շահրամանյանը, մասնավորապես, նշեց. «Արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է երեք լայնածավալ պատերազմ»:
Ինչ վերաբերում է վերջին գործողությանը, Շահրամանյանը նշեց, որ ինքն արդեն ասել է, որ ժամեր անց հասկացել են, որ մենակ են, և անհնար էր դիմադրել 1։10 ադրբեջանական ուժերին, և պետք էր փրկել կյանքեր, ինչն էլ արել են։
«Ինչ վերաբերում է նրան, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել սարքին, կարգին, ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ իմանա, թե սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում, և սպառազինության համար ով էր ենթակա պատասխանատուն։ Դավիթ Բաբայանն էլ ասաց, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը և հանդիսանում էր ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Պետք է այս մասին իմանան և չփորձեն մեղավորներ գտնել»,-նշեց նա:
Սամվել Շահրամանյանն ասաց, որ Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի տակ պահելն ինքը համարում է քաղաքական հետապնդում` կապված իր կողմից վերջին շրջանում Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու կամ աջակցելու հետ:
Նա, մասնավորապես, նշեց. «Ուզում եմ նշել, որ արցախցիները, ինչպես նաեւ ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավական եւ բարոյական բոլոր իրավունքներն ունեն մասնակցելու իրենց իսկ նախընտրած շարժմանը եւ արտահայտելու իրենց կարծիքը, քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաեւ ՀՀ քաղաքացիներ, ունեն անձնագրեր, չնայած ՀՀ կառավարությունը համապատախան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության անձինք»:
Շահրամանյանը նաեւ դատապարտեց նախօրեին տեղի ունեցած ոստիկանական գործողությունները եւ ասաց, որ ոստիկանությունը պետք է զերծ մնա բռնի ուժ կիրառելուց:
Infoport