Azg.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
-Պարո՛ն Մելիքյան, Հայաստանը մինչև այժմ Ադրբեջանի առջև որևէ պայման չի դրել, բայց գտնո՞ւմ եք, որ կարող էր հայտարարել` մինչև այդ երկիրը հայ ռազմագերիներին ազատ չարձակի, ոչ մի բանակցություն չի լինի։
-Եթե ՀՀ իշխանությունների համար առաջնահերթությունն, իրոք, հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը լիներ, ապա պաշտոնական Երևանը կարող էր նման նախապայման առաջադրեր Ադրբեջանին։ Սակայն տեսնում ենք, որ այժմ Փաշինյանի կառավարությունն առկա բոլոր խնդիրները ստորադասում է Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները չվերսկսելու, երկկողմ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությանը։ Հավանաբար, ենթադրվում է, որ թե՛ գերիների, թե՛ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված ՀՀ տարածքների հարցերը կկարգավորվեն այդ պայմանագրի շրջանակներում, իսկ դրանում տեղ չգտած խնդիրները հայաստանյան քաղաքական օրակարգի համար ոչ էական կհռչակվեն։
-Ադրբեջանում արդեն խոսում են «Միասին» շարժման` Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին։ Եթե նախկինում Ադրբեջանը սարսափում էր Հայաստանում հնարավոր իշխանափոխության մտքից, այժմ հրճվանքով է արձագանքում Փաշինյանին անվստահություն հայտնելու լուրին։ Ձեր կարծիքով ի՞նչ պատահեց, ի՞նչ է փոխվել։
-Որքան հիշում եմ, նախագահ Ալիևն ու վերջինիս վարչակազմի ներկայացուցիչները մշտապես հանդես են եկել վարչապետ Փաշինյանին, ՀՀ իշխանություններին ստորացնող քաղաքական որակումներով, և այդ առումով որևէ բան չի փոխվել։
Տեսանելի փոփոխությունն այն է, որ մինչ նախորդ տարվա սեպտեմբեր Երևանն էլ, Բաքուն էլ գործում էին ռուսական ռազմաքաղաքական նախապայմանների կատարման տիրույթում, սակայն Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմագործողությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց աստիճանաբար անջրպետվել Մոսկվայից, ՀԱՊԿ-ից և այդ գործընթացն անմիջապես երևարկեց այն, որ Հարավային Կովկասում ՌԴ պահանջների իրականացումն ապահովող դերակատարը անձամբ նախագահ Ալիևն է։
Ստացվում է, որ հենց Փաշինյանի՝ Մոսկվայի հանդեպ պահվածքի փոփոխությունը սկսեց հագենալ որոշ կոնկրետ գործողություններով, Բաքվում հնարավոր համարեցին դրական գնահատել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացման հեռանկարը։
-Պարո՛ն Մելիքյան, եթե ՀՀ իշխանությունները փակել են Արցախի ղեկավարության հետ տխրահռչակ հանդիպումների էջը, ո՞ վ է իրավասու ադրբեջանական կողմի մոտ բարձրաձայնել բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակի, նրանց գույքի, իրավունքների հարցերը։
-ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են ադրբեջանական կողմի հետ Արցախի Հանրապետության մասին խոսել որևէ համատեքստում։ Վարչապետ Փաշինյանի կառավարությունն այժմ արցախցի փախստականների վերափաստաթղթավորման միջոցով աստիճանաբար վերացնում է արցախյան պետականության գոյության դեռևս առկա հիմքերն ու հետքերը։ Այդ մարդկանց գույքային ու սոցիալական իրավունքների պաշտպանության հարցը կարող է իր լուծումը ստանալ նրանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների անտեսման պայմանով։ Եթե, իհարկե, Արցախի պետական ինստիտուտները, հասարակական կազմակերպությունները իրենք չձևակերպեն սեփական պահանջների ամբողջական փաթեթը։
-Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է հանդիպում անցկացնել սահմանին` քննարկելու խաղաղության գործընթացը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հանկարծ այդ երկիրը որոշեց բանակցելու առաջարկ անել Հայաստանին, երբ, որպես կանոն, մինչ այժմ Հայաստանն էր առաջարկող կողմը լինում։
-Հավանաբար պատճառն այն է, որ վերջին շրջանում Ադրբեջանը մերժել է արևմտյան հարթակներում բանակցելու առաջարկները, և այժմ Բաքուն իր այդ համառությունը կոմպենսացնելու ուղիներ է փնտրում։
Առանց միջնորդի բանակցություններն արդյունք կարող են տալ միայն այն դեպքում, եթե կողմերը հավասարապես շահագրգռված են հասնել երկարարաժամկետ խաղաղության ու պատրաստ են հաշվի առնել միմյանց կենսական շահերն ու մտահոգությունները։ Բայց սա նաև ենթադրում է, որ կողմերի միջև նաև ուժերի որոշակի հարաբերական հավասարակշռություն է հաստատվել, և ընթացիկ ժամանակահատվածում նրացից ոչ մեկը մյուսի հանդեպ արմատական առավելություն չունի ու չի կարող ձեռք բերել։ Վստահ չեմ, որ այս պահին արդյունավետ երկկողմ ուղիղ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները ձևավորվել են։
-Պարո՛ն Մելիքյան, նկատելի է, որ ԱՄՆ-ը վերջին շրջանում կոշտացրել է Ադրբեջանին նկատմամբ հռետորաբանությունը, իսկ Հայաստանին, այսպես ասած, փաղաքշում է։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու նպատակով Միացյալ Նահանգները 4,1 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի։ Ադրբեջանն անմիջապես հանդես եկավ USAID-ի հասցեին քննադատական հայտարարությամբ։ Արցախի հանձնումը կազմակերպելուց հոտո ԱՄՆ-Ադրբեջան քաղաքական ի՞նչ խաղեր են, ըստ Ձեզ, ընթանում։
-Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական գործընթացները ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում կոնկրետ տեղային փոփոխությունների խնդիրների են հանգել։ Հավանական եմ համարում, որ կոնկրետ նախագահ Ալիևի անձնական ճակատագրի հետ կապված որոշումները կա՛մ արդեն ընդունված են, կա՛մ կընդունվեն առաջիկայում։ Կարծում եմ, որ պայմաններ են հասունանում, որպեսզի Ադրբեջանում նոր առաջնորդի կամ առաջնորդող քաղաքական ուժի փնտրտուքը կոնկրետ արդյունքի հանգեցնի։
-Ի՞նչ եք կարծում, Արցախը, որպես պետական միավոր, այսօր գոյություն ունի՞, թե վերջին էջը փակվեց։
-Դա կախված կլինի նրանից, թե որքանով հետևողական ու խելամիտ կգտնվեն Արցախի քաղաքական վերնախավը, մասնագիտական հանրույթը, ֆինանսական պատկառելի կարողություն դիզած անհատները, հասարակությունն ընդհանուր առմամբ։
Արցախի Հանրապետությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ դրա պետական կառավարման համակարգը, Ազգային ժողովը ունակ կլինեն կյանքի նշաններ ցույց տալ, նպատակներ ձևակերպել և դրանց հասնելու գործնական ուղիներ մշակել։