ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ ոչ թե ճշմարտության հատիկ կա, այլ ճշմարտությունը ներկայացված է այնպես, ինչպես որ կա. Ռուսաստանը Թուրքիայի հետ նախնական ռազմավարական հստակ պայմանավորվածությամբ նախապատրաստել և իրականացրել է 44-օրյա պատերազմը, որի արդյունքներով Արցախի մնացորդը վերջնականապես պետք է փոխանցվեր ադրբեջանական իրավասոության ներքո։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա»։
Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ եթե խոսելու լինենք Արցախի հարցում արտաքին դերակատարների ունեցած պատասխանատվության մասին, ապա միանշանակ է, որ Արցախյան պատերազմը, Արցախի բնակչության տեղահանությունն ու Արցախի բռնակցումն Ադրբեջանին Ռուսաստանի և Թուրքիայի՝ ամենաբարձր մակարդակով տարիներ առաջ նախապատրաստված ընդհանուր ռազմավարական որոշման հետևանք էր։
«Սակայն Արմեն Գրիգորյանը, վկայակոչելով իրականության մեկ երեսը, պետք է անդրադառնար իրականության մյուս երեսին ևս. իսկ ի՞նչ է արել ՀՀ այն իշխանությունը, որի կարևոր և բարձրաստիճան ներկայացուցիչն է ինքը՝ տվյալ սցենարը կանխելու համար։
Այն արդարացումները, թե Հայաստանն ի վիճակի չէր կանխել, ընդունելի չեն, ավելին՝ միանգամայն մերժելի են, որովհետև անհնարին ոչինչ չկա։ ՀՀ ներկայիս կառավարության ողջ վարքագիծը հանցակցի վարքագիծ է։ Եթե արտաքին տերություննենրի կողմից մենք տեսել ենք հակահայկական պայմանավորվածություններ, ապա նախևառաջ պետք է պնդենք և հաստատենք՝ պատերազմը չէր ունենա այն սահմռկեցուցիչ հետևանքները, ինչ որ ունի, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը չլիներ բացարձակ աստիճանի ապաշնորհ և ապիկար, և ինչ-որ փուլից ի վեր՝ ուղղակիորեն դավաճանաբար համագործակիցն արտաքին այն ուժերի, որոնք ծրագրել և հետևողականորեն իրականացնում են ՀՀ ոչնչացման և պետականազրկման քաղաքականություն»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ իր խոսքում Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել էր. «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»։