Արմեն Աշոտյանի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Ռուբեն Մելիքյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց սպասող լրագրողներին քիչ առաջ տեղեկացրեցին, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը. ՔԿՀ աշխատակիցները հայտնել են, որ նրան իրենց իսկ մեքենայով կտեղափոխեն տուն։
«Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ավանդույթ է դարձել որոշ դեպքերում»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին ասաց, որ հարցի պատասխանը բոլորի համար էլ պարզ է։
«Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Այն, որ լրատվամիջոցներն այստեղ են, նա կարող էր դուրս գալ, հարցեր տրվեին, պատասխաններ տրվեին, քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէ»,-ասաց նա ։
Ըստ Մելիքյանի՝ ավելի կարևորն այն է, որ Արմեն Աշոտյանը 1 տարի 3 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո վերջապես ընտանիք կվերադառնա։
Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի դեմ դատավարությունը կշարունակվի տնային կալանքի պայմաններում։ Վերջինիս խափանման միջոցը երեկ փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ։