-Պարո՛ն Նահապետյան, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Երևանի ավագանու ընտրություններում իր աջակցությունն է հայտնել «Ապրելու երկիր» կուսակցությանը։ Այս տարիների ընթացքում ի՞նչ են արել այդ կուսակցությունը և անձամբ Մանե Թանդիլյանը, որ Ռուբեն Վարդանյանն անվերապահորեն վստահում է նրանց։
-Մեկ բառ կարող եմ ասել՝ տխուր է։ Ռուբեն Վարդանյանն Արցախ գնացել էր այլ բանի համար։ Այսօր վիճակն Արցախում օրհասական է, և մարդը, փաստորեն, այժմ անվերապահ աջակցում է, պաշտպանում է, միգուցե նաև ֆինանսավորում է մի կուսակացության, որը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։
Հիմա, ի՞նչ կապ ունեն նրա՝ Արցախում ունեցած ստատուսը և այստեղ հայտնած անվերապահ աջակցությունը։ Դրա համր էլ ասում եմ՝ տխուր է։
-Պարո՛ն Նահապետյանը, եթե Ռուբեն Վարդանյանն իրական ընդդմադիր է, տրամաբանությունը հուշում է,որ պետք է աջակցեր «Մայր Հայաստան» շարժմանը՝ ի դեմս Անդրանիկ Թևանյանի։ Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ սա վաղուց պլանավորած սցենար էր. «Ապրելու երկիրը» սկզբում արմատներ կգցի Արցախում, հետո ՀՀ մարզերում ավագանու ընտրություններին մասնակցելով՝ կհաղթի, իսկ այնուհետև Երևանի ավագանու ընտրություններում կփորձի ձայներ փախցնել ընդդիմությունից։
-Նախ, ՏԻՄ ընտրություններում ի զարմանս շատերի՝ «Ապրելու երկիր»-ը բավականին ձայներ հավաքեց։ Ընդ որում, եթե հարցում անցկացվեր, կարող է 100 հազար հարցվածներից մի քանիսը ճանաչեին Մանե Թանդիլյանին կամ Մեսրոպ Առաքելյանին։ Վերջինս, ի դեպ, կամավորության սյզբունքով էր գնացել Արցախ, բայց Համահայկական հիմնադրամից վճար էր ստանում։ Սա բարոյական հարթության հարց է։
Այդ կուսակացությունն ի՞նչ է արել, ինչո՞վ է հայտնի. կուսակցության ղեկավար անձինք հայտնի են նրանով, որ աջակցել են Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարության մաս են կազմել, անվերապահ աջակցություն ցուցաբերել։ Հիմա նրանք անվերապահ ընդդիմադիր են։ Իհարկե, սա լուրջ չէ, բայց այն, որ ՏԻՄ ընտրություններում ինչ-որ թվեր ստացան, ակնհայտորեն նկարչություն էր։ Իսկ այդ նկարչությունը Հայաստանում անելու իրավունք միայն իշխանություններն ունեին։ Օրվա իշխանություններին պետք էր, որ արհեստական կերպով ուռճացվեր մի կուսակցության անուն, որը որպես ընդդիմադիր՝ իրական ընդդիմադիրներից պետք է ձայներ փախցներ։
Եթե հարցնեք, թե «Ապրելու երկիր»-ն ի՞նչ գաղափարախոսություն ունի, որտե՞ղ է նրա քաղաքական հենքը, որպես քաղաքական միավոր՝ ինչո՞վ է հայտնի, կպատասխանեմ՝ բացարձակապես ոչ մի։ Ուստիև այդ կուսակցությունն, իմ գնահատմամբ, իշխանությունների պրոեկտ է, և փաստացի այդ պրոեկտում հայտնվել է, կամ միգուցե ակունքներում է կանգնած եղել, կամ միգուցե ֆինանսավորում է նաև Ռուբեն Վարդանյանը։
Այսօր Արցախում մարդկանց ֆիզիկական գոյության հարցն է դրված, և բոլորը պետք է մտածեն մի բանի մասին՝ արցախահայությանն այդ վիճակից հանելու։ Բայց հիմա ոչ ավել, ոչ պակաս՝ Ռուբեն Վարդանյանը կեցվածք է դրսևորում «Ապրելու երկիր»-ի վերաբերյալ։ Եղբա՛յր, դու Արցախ չէիր գնացել, որ Երևանում ավագանու ընտրություններին ինչ-որ կուսկացության պաշտպանեիր։
-Պարո՛ն Նահապետյան, Ռուբեն Վարդանյանը նաև հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Բայց եթե նա ուզում է իշխանազրկել գործող ռեժիմին, Մանե Թանդիլյանի հետ միավորվելո՞վ պիտի իշխանազրկի, թե դա ավելի հավանական կլիներ, եթե միանար Անդրանիկ Թևանյանին։
-Ես հենց դրա համար եմ ասում. Ռուբեն Վարդանյանն այս կամ այն ձևով փոխկապակցված է «Ապրելու երկրին»։ Բայց բացի բլա-բլա անելուց՝ այդ ուժի ներկայացուցիչներն ի՞նչ են արել. ոչինչ։ Նրանց հայտնի ֆիլմի հայտնի հերոսի նման նշանակել են, որը նստել է տարբեր ղեկավարների օրոք և հիմա էլ պատրաստ է նստել։
Սա մոտավորապես նման է արդեն փորձառություն ունեցող նման մեկ այլ կուսակցության՝ «Լուսավոր Հայաստանի» գործելաոճին։ Այս բոլորն իշխանական պրոեկտներ են, քանի որ ձայներ են տանելու ժողովրդից։ Մեր նման երկրներում կուսակացություններն իրական քվե չեն ստանում, հաղթում են նկարիչները, այսինքն՝ ԿԸՀ նախագահը և ընտրական հանձնաժողովների նախագահները։
Սա էլ նկարչություն է, և այդ նկարչության համար ստեղծվում են մի քանի անդամից բաղկացած ֆեյք կուսակցություններ, որոնց անդամները բարեկեցիկ կյանքի դիմաց կատարում են իրենց ֆինանսավորողների կամքը։ Ըստ այդմ՝ «Ապրելու երկիր»-ը նման միավոր է։
-Պարո՛ն Նահապետյան, թվում է, թե քաղաքական նոր ուժ է ձևավորվում, բայց ստացվում է, որ «Ապրելու երկիր»-ը ՔՊ-ի հիբրի՞դն է։ Եթե Ռուբեն Վարդանյանն աջակցում է Մանե Թանդիլյանին, կարելի՞ է ասել, որ նա ՀՀ գործող իշխանությունների արբանյակն է։
-Ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես փորձագետ և նախկին զինվորական, կարծում եմ՝ այսօր Հայաստանում իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, հասարակությունն էլ պետք է զբաղվեն ժամ առաջ Արցախի վիճակը որակապես փոխելու գործով, որովհետրև ճգնաժամտը լուծում է ստանալու հայերիս համար ոչ շահեկան տարբերակով։
Նորից եմ ասում՝ անբնական է, որ Ռուբեն Վարդանյանը Երևանի ավագանու ընտրությունների մասին է մտածում։ Սա աննորմալ երևույթ է, այն դեպքում, երբ Արցախում վիճակն օրհասական է, և թունելի վերջում լույս չի երևում։
Կրկնում եմ՝ Ռուբեն Վարդանյանը բավականին լավ ծրագրերով գնաց Արցախ, ես էլ ասացի, որ որպես զինվորական՝ պատրաստ եմ կարիքը եղածի դեպքում խորհուրդներ տալ, օժանդակել, բայց, ինչպես ասում են, Երևանի ավագանու ընտրությունների թեմայով նրա ասածները ամպրոպ էին անամպ երկնքում։
-Պարոն Նահապետյան, ի վերջո ի՞նչ քաղաքական խաղեր են սրանք, երբ հայկական երկու պետությունների ճակատագիրը մազից է կախված։
-Հիմա, այստեղի ընտրությունների բուն իմաստը ոչ այդքան ընտրությունն է, որքան ՀՀ քաղաքացիներին իրական սպառնալիքներից հեռու պահելը, վտանգի զգացողությունը բթացնելը։ Այդ «բթացման» մեջ մտնում են և՛ համերգները, և՛ տարատեսակ իրադարձությունները, որպեսզի մարդն իրականությունը համարժեք չգնահատի։
Առարկայական վտանգներ կան, որոնց պետք է շատ լուրջ վերաբերել, բայց ՀՀ գործող իշխանությունները լուրջ չեն վերաբերում։ Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը կկվի դրվագով ամեն ինչ ասել է. կկվի ձագերը մեր հայրենիքի տարբեր մասերն են, և երբ թշնամուն մեկ ձագ տալիս ես, նա նորից ու նորից է ուզում։