Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության թեկնածուի մասին խոսելիս նախ պետք է պարզել՝ ինչ է հասկանում հասարակությունն ընդդիմություն ասելով, կամ ով է ընդդիմությունը։ Ուստի այս համատեքստում դժվարանում եմ ասել՝ ընդդիմության միավորվելու դեպքում կարելի է հաղթե՞լ, թե կարող է լրիվ հակառակ արդյունք գրանցվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։
Նրա խոսքով՝ գուցե պետք է իշխանություն-ընդդիմությունից զատ՝ երրորդ տարբերակը քննարկել։
«Ընդդիմությունը փորձարկվել է, և մարդիկ տեսել են նրա աշխատանքը։ Իշխանության գործելաոճը ևս տեսնում են և դրա պտուղները քաղում։ Անհրաժեշտ է ինչ-որ երրորդ տարբերակ, այսինքն՝ լինի մի այլընտրանք, որը վեր կլինի իշխանություն-ընդդդիմություն գզվռտոցից։
Այլընտրանքը թող լինի աշխատանքային մթնոլորտով, պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած մի թիմ։ Այսօր ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության կարիքը չկա. այդ այլընտրանքային թիմի կարիքը կա։ Մեր խնդիրն է ունենալ տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք կարող են իրենց ուսերին տանել Երևանի կառավարման բեռը։ Ավելի քան վստահ եմ, որ այդ դեպքում կհաջողենք։
Սակայն մարդկանց մոտ ինչպե՞ս ձևավորել այդ մոտեցումը. սա, իհարկե, լրացուցիչ աշխատանք է պահանջում»,- ասաց Էռնեստ Ավանեսովը։
Երևանի ավագանու անդամի խոսքով՝ ընդդիմություն-իշխանություն նշաձողն այնքան է իջել, որ երկուսն էլ հասարակության շրջանում հավասարապես խոցելի են և վստահություն չեն ներշնչում։
«Մարդիկ պետք է թիմ տեսնեն։ Չեմ բացառում, որ կան այդպիսի խմբեր, որոնք ձևավորվում և պատրաստվում են պայքարի։ Ես ավելի քան վստահ եմ, որ բացը լրացվելու է։ Նույնիսկ կան կանախատեսումներ, որ ոչ մեկ, այլ տարբեր ուժեր կարող են հենց այդ բացը լրացնել։ Եթե այդպիսիք չլինեն, ուղղակի պետք է ձեռքերը լվանալ և գնալ»,- ամփոփեց Էռնեստ Ավանեսովը։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել՝ եթե ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, Ավինյանը շանս չի ունենա։
«Այդ դեպքում իշխանությունը զրո շանս կունենա հաղթելու։ Իսկ եթե ոչ, ապա մենք պետք է շնորհավորենք ՔՊ թեկնածուին՝ կլինի Տիգրան Ավինյանը, թե մեկ այլ ուսապարկ»,- նկատել էր Վանեցյանը։