Այն ռեժիմը, որն իշխանության է եկել փողոցներ փակելով, Ռադիոտան դուռը ջարդելով և մեզ դեմոկրատիա խոստանալով՝ այժմ Տավուշում ցույց է տալիս իր իրական դեմքը և անցնում տեռորի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից Կիրանցում ոստիկանական հատուկ գործողությանը, գյուղացիներին բերման ենթարկելուն, իսկ այնուհետև դեպի գյուղ մուտքն արգելելուն։
«Սա, փաստորեն, դարձել է բռնապետություն, որը վեր է ածվում տեռորի՝ այս իշխանություններին ընտրողների դեմ։ Տեսնում ենք, որ Տավուշում մարդկանց ծեծում են, բռնություն են կիրառում, և հարցն այն է, որ այս մի քանի գյուղը զիջելը միայն սկիզբն է։ Սրանից հետո լինելու են գյուղեր, որոնք զիջվելու են ուրիշ շրջաններում՝ Վարդենիսում, Սյունիքում, և մենք զիջելու ենք նաև Սյունիքի միջանցքը։
Հիմա մեր ժողովրդին պետք է հարցնել՝ ինչո՞ւ են կարծում, որ այս ամենն իրենց չի վերաբերում։ Սա է գլխավոր հարցը. մարդիկ ինչո՞ւ են կարծում, որ կարող են ուղղակի կողքից անտարբեր նայել, թե ինչպես է թշնամին քայլ առ քայ մոտենում իրենց տանը»,- ասաց քաղաքագետը։
Արթուր Խաչիկյանի խոսքով՝ եթե տավուշյան շարժումը մարի, ապա կասկածից վեր է, որ օկուպացիոն ռեժիմը կշարունակի Հայ Առաքելական եկեղեցու դեմ իր արշավը։
«Իսկ կմարի Տավուշի պայքարը, թե ոչ, այդ հարցը պետք է տալ մեր ժողովրդին և ՀՀ ընդդիմությանը՝ նրանք դա ուզո՞ւմ են, թե ոչ. թող նրանք որոշեն։
Եթե հայ ժողովուրդը ջազի ֆեստիվալը վերջացնում է, որ հետո գնա գինու կամ գարեջրի ֆեստիվալի, թող շարունակի նույն ոգով. միայն թե թող հասկանա, որ շատ շուտով մեծ դժբախտությունը հասնելու է իր տուն։ Եթե որոշ մարդկանց հայրենիք պետք չէ, ուրեմն մենք իրենց իզուր տեղը չնյարդայնացնենք, թող հայրենիքն էլ հանձնեն ու գնան հանգիստ գարեջուր խմեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ադրբեջանական կողմի համար Տավուշի գյուղերի տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել, (Փաշինյանը Հանրայինի եթերում երեկ բառացի հայտարարել էր՝ «Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է»՝ խմբ.), քաղաքագետը նկատեց՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին խորհուրդ է տալիս թշնամուց պաշտպանվելու համար ծառ տնկել։
«Սա ազգային ամոթ է։ Մեզ համար շատ ամոթ է։ Ես, իսկապես, ամաչում եմ, որ Հայաստանից եմ։ Եթե ուրիշ երկրում ինձ հարցնեն՝ ազգությամբ ով եմ, կփորձեմ չպատասխանել, որովհետև մեծ ամոթ է, որ մեզ ղեկավարում են այսպիսի կիսախելագար հայտարարություններ անող մարդիկ։ Կա՛մ սա ձեռք առնել է և սեփական ժողովրդին ծաղրել, կա՛մ սեփական անհաջողությունների համար ժողովրդից վրեժ լուծել, կա՛մ էլ հոգեկան շեղման դրսևորում։
Ցանկացած դեպքում շատ ամոթալի է, որ մեզ այսպիսի մարդիկ են ղեկավարում։ Ես, ճիշտն ասած, ամաչում եմ, որ Հայաստանից եմ»,- ամփոփեց Արթուր Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում՝ անչափահասների:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս մասին ֆեյսբուքում գրառում կատարել՝ նշելով, որ «ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը, մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ, ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել»:
Ավելի ուշ Կիրանցի հատվածից բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել գյուղ մտնել։ Իրավապահներն արգելել են մինչև անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց։