ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:
Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսությամբ:
«Հարգելի՛ դիվանագետներ, ես՝ որպես խորհրդարանական, ցանկանում եմ ձեզ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները: Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական եւ ֆունդամենտալ»,- շեշտել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին՝ հավատարիմ չմնալով Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ակնհայտ դարձնելով իր ռազմատենչ ու նվաճողական նկրտումները:
Շնորհակալություն հայտնելով ԵՄ անդամ երկրներին դիտորդներ ուղարկելու համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, որը նշանակալի քայլ է մեր տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ:
ԵՄ դեսպաններին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը, որը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:
Պատասխանելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին առնչվող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այս օրերին կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման եւ նրանց առաջնային խնդիրների լուծման վրա, որն առավել արդյունավետ կարող է լինել միայն միջազգային ուժեղ ներգրավման դեպքում: Նա հավելել է, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Եվրոպական միության եւ անդամ պետությունների կողմից արդեն իսկ հատկացված մարդասիրական օգնությունը:
Քննարկմանն անդրադարձ է եղել նաեւ Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 17-ի որոշմանը, որով դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ, այնտեղ մնացածների ու այնտեղից դուրս գալ ցանկացողների անվտանգությունը:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ խորհրդարանական ընդդիմության, խորհրդարանում կանանց ներգրավվածության, որոշումների վրա կանանց ազդեցության հարցերով: