Azg.am-ի զրուցակիցն է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
-Պարոն Չալաբյան, երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ արտակարգ լարված մթնոլորտում։ ՔՊ-ական պատգամավորները բացահայտ ագրեսիվ վերաբերմունք դրսևորեցին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, ՄԻՊ-ի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ։ Ինչպե՞ս կբնութագրեք խորհրդարանում տեղի ունեցածը, ի՞նչ գնահատական կտաք իշխանության ներկայացուցիչների պահվածքին։
-Իսկապես, վերջին օրերին, մենք ականատես ենք լինում գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների բացահայտ խուլիգանական, քաղաքացիների մարդկային արժանապատվությունը նսեմացնող վարքագծի, այն ահագնանում է սեփական ձախողումներին և տապալումներին զուգահեռ: Այս կապակցությամբ մեր «Համախմբում» շարժման խորհուրդը այսօր պաշտոնական հայտարարություն է ընդունել՝ դիմելով ՀՀ Գլխավոր դատախազին: Կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմինները պետք է վերջ տան իշխանական ամենաթողությունը խրախուսելու իրենց արմատացած գործելակերպին, խստորեն պաշտպանեն մեր բոլոր քաղաքացիերի օրինական իրավունքները, իսկ մեր քաղաքացիներն անհանդուրժող լինեն դրանց խախտման նկատմամբ:
-Պարոն Չալաբյան, ի՞նչ դիրքորոշում ունեք օրեր առաջ Կասկադում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպի վերաբերյալ։ Արդյոք Ալեն Սիմոնյանն իրավունք ուներ թքելու քաղաքացու վրա՝ եթե նույնիսկ վերջինս նրան «դավաճան» էր անվանել։ Իշխանությունը պե՞տք է նախաձեռնի Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց։
-Վերը ասվածը վերաբերվում է նաև այս միջադեպին. ԱԺ նախագահը, նույնիսկ եթե նրան վիրավորում են, չպետք է իջնի փողոցային խուլիգանի մակարդակի: Ինչ վերաբերվում է նրա պաշտոնաթողությանը, ապա ցանկացած քաղաքակիրթ երկրում այսպիսի հարց նույնիսկ չէր քննարկվի, սակայն սա Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցող առաջին նման դեպքը չէ, և նրա վարքագիծը արդարացնելով՝ գործող իշխանությունը պարզապես ևս մեկ անգամ վերահաստատում է իր իրական էությունը:
-Նույն Ալեն Սիմոնյանը նախօրեին ֆեյսուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Ավելի ուշ Աշոտ Փաշինյանը հերքեց այս տեղեկությունը՝ հայտնելով, որ իր վրա քաղաքական կամ այլ բնույթի որևէ հարձակում տեղի չի ունեցել: Ինչո՞ւ էր, ըստ Ձեզ, ԱԺ նախագահը նման տեղեկատվություն տարածում։
-Կարծում եմ՝ պետք է այդ հարցը ուղղեք ԱԺ նախագահին, որն արդեն խճճվել է սեփական ստերի մեջ:
-Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստների» սադրանքի հետևանքով խոչընդոտվել է Արցախի Հանրապետության քաղաքացիների մուտքն Արցախ։ Միջադեպի արդյունքում 4 քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, նրանցից երեքն ուշագնաց են եղել և տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Ի՞նչ հետևություններ պետք է կատարել այս միջադեպից։
-Մի հետևություն՝ թշնամական պետության հետ հնարավոր չէ խաղաղ համագոյակցություն՝ առանց նրա հետ ուժային հաշվեկշիռը վերականգնելու: Մեզ բոլորիս պետք է «խաղաղության դարաշրջանի» մասին բարբաջանքներին լսելու փոխարեն լծվելու մեր երկիրը հզորացնելու գործին, և թշնամուն պարտադրել, որպեսզի հարգի մեր օրինական իրավունքները: