Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքում ադրբեջանցիների առաջխաղացման փորձը և ադրբեջանական կողմի հերթական առաջարկը՝ Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել, խիստ փոխկապակցված են միմյանց և պատճառահետևանքային կապ ունեն։ Որպեսզի հանդիպման պահանջն ավելի համոզիչ լինի, ադրբեջանցիները փորձում են ճնշումների միջոցով պաշտոնական Ստեփանակերտին առավել զիջողական-հարմարվողական պահվածք թելադրել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների՝ թե՛ այսօրվա դիվերսիոն ներթափանցման փորձը, թե՛ երկու օր առաջ արձանագրած դիրքային բարելավումը ճնշման գործիքներ են, որպեսզի Արցախն առավել զիջողական տրամադրվածություն ունենա։
«Այսինքն՝ հասկացնում են, որ հակառակ դեպքում ագրեսիան արդեն համակարգված բնույթ կկրի, ինչպես որ համակարգված բնույթ են կրում Լաչինի միջանցքի փակումը և Արցախի էներգետիկ շրջափակումը։
Երբ այս ամենին ի պատասխան՝ հայտարարությամբ հանդես է գալիս Արցախի Հանրապետության գործող ղեկավարությունը, դեռ կարելի է ընկալել, բայց երբ ՀՀ իշխանություններն են ձեռքերը լվանում Արցախից և հայտարարում, թե Ստեփանակերտն ու Բաքուն իբրև թե հավասարը հավասարի հետ պետք է բանակցեն, ընկալելի չէ»,- ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ Արցախն իսկապես մեն-մենակ է մնացել Ադրբեջանի դեմ և գերազանց կերպով հասկանում է՝ իր ռեսուրսները զուտ հայտարարությունից այն կողմ անցնել չեն կարող։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը, ունենալով դիվանագիտական և ուժային ռեսուրսներ, իրեն պահում է երրորդ երկրի նման՝ ցույց տալով, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն իրեն ամենևին չի հետաքրքրում։
«Հայաստանը հնարավորություն ունի գետնի վրա գոյություն ունեցող ուժային կենտրոնների հետ հարցեր լուծել՝ զսպելու Ադրբեջանի ախորժակը։ Բայց քանի որ ընտրվել է Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականոսւթյունը, մնում է զուտ ձևական քաղաքակն քայլերի դիմելը՝ հայտարարություններով բավարարվելը»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ մարտի 27֊ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն առաջարկել է ապրիլի առաջին շաբաթում Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ` «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար»։