Ադրբեջանի պատվիրակությանը ԵԽԽՎ-ից առնվազն մեկ տարով հեռացնելն առավելապես դեկլարատիվ որոշում է, որից այդ երկիրն առանձնապես չի վախենա։ Ավելին՝ ադրբեջանական լրատվամիջոցներում արդեն իսկ տեղեկություններ կան, որ քննարկվում է ԵԽԽՎ-ից առհասարակ դուրս գալու հարցը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն համեմատաբար թույլ կառույցն է, որը գործնական բնույթի լուրջ լծակներ չունի։
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անտեսում կամ բավական կոշտ է արձագանքում այս և այլ կառույցների հայտարարություններին։ Չի երևում, որ դրանք որևէ ձևով ազդում են նրա վրա։ Վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանի գործելաոճը դատապարտող բազմաթիվ հայտարարություններ են եղել, որոնք, ինչպես փորձն է ցույց տալիս, ոչ միայն չեն ազդում, այլև հաճախ Ադրբեջանին դրդում են ինչ-ինչ գործողությունների։
Միաժամանակ, ասել, որ արևմտյան կառույցների հայտարարությունները ընդհանրապես որևէ դեր չեն խաղում, այդքան էլ ճիշտ չէ։ Իհարկե, որոշակի ազդեցություն և ճնշում կա, բայց՝ ոչ էական»,- ասաց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետը նկատեց՝ քանի որ ամբողջ աշխարհն արդեն իսկ համաշխարհային կոնֆլիկտի կամ ավելին՝ պատերազմի ռեժիմում է, ամենաարդյունավետն ուժային մեթոդն է։
«Եթե նայեք, Ադրբեջանն ինքն էլ մեծ ներդրումներ է կատարում ուժային մեխանիզմների զարգացման մեջ՝ անընդհատ ավելացնելով ռազմական ծախսերը, հնարավորինս ուժեղացնելով բանակը։
Դրա համար ամենաարդյունավետն այս դեպքում ուժն է, որը կարող է կիրառվել Հայաստանի կամ մեկ այլ արտաքին խաղացողի կողմից։ Բայց այստեղ էլ խնդիր կա. ինչպես տեսնում ենք, ոչ ոք առանձնապես շահագրգռված չէ մեծ ծավալների ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Պատճառն այն է, որ տարածաշրջանն այդ աստիճան ոչ ոքի չի հետաքրքրում, բացի այդ՝ ոչ ոք չի ուզում կոնֆլիկտի մեջ մտնել Թուրքիայի հետ, որն անպայման կաջակցի Ադրբեջանին։ Թուրքիան այնքան ուժեղ է, որ նրա հետ կոնֆլիկտն այդքան էլ հեշտ բան չէ»,- ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Հարությունովի խոսքով՝ Ադրբեջանի վրա ռեալ ազդեցություն կարող են ունենալ տնտեսական բնույթի պատժամիջոցները, բայց այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան. նախ, սանկցիաները կարող են շատ տեսական լինել՝ այնքան թեթև, որ փաստացի որևէ դեր չխաղան։
«Փորձը ցույց է տալիս, որ որոշ երկրներ՝ նույնիսկ ոչ շատ ուժեղ, կարող են ինչ-որ շրջան դիմանալ պատժամիջոցներին կամ անտեսել դրանք։ Ադրբեջանը ևս կարող է անտեսել սահմանափակ պատժամիջոցները»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այդ երկիրը Արևմուտքին և Ռուսաստանին պետք է որպես կարևոր տրանզիտային, ինչպես նաև էներգակիրներների աղբյուր հանդիսացող երկիր։
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
Խորհրդարանական վեհաժողովը նշեց, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։