Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։
-Պարո՛ն Պողոսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդարձակ հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին՝ հնչեցնելով Հայաստանի հետ «խաղաղության» իր պատկերացումները՝ սպառնալով նոր տարածքային պահանջներով և նոր պատերազմով։
Ինչո՞ւ, ըստ Ձեզ, պաշտոնական Երևանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Ալիևի՝ Երևանը համառորեն «Իրևան», Ջերմուկը՝ «Իստիսու» անվանելուն, ինչպես նաև Տավուշի 8 գյուղերի վերաբերյալ հավակնություններին։
-Երեկ միաժամանակ նաև Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան. խոսքը մասնավորապես ԱԳ նախարարի և Հունաստանի իր պաշտոնակցի միջև հանդիպման մասին է։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ևս հայտարարեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել բանավոր պայմանավորվածությունների չորս կետ։
Նախորդիվ այս մասին խոսել էր նաև ԱԽ քարտուղարը։ Երեկ արդեն Արարատ Միրզոյանն իր հույն պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ խոսեց հետընթացի մասին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն այնպիսի պահանջներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը, որ արդեն անհնարին է դարձրել կամ գոնե հեռացրել է խաղաղության պայմանագրի կնքման պահը։ Դրանով պայմանավորված՝ կողմերը սկսեցին փոխել իրենց հռետորաբանսությունը։ Հայկական կողմից սկսեցին խոսել պայմանավորվածությունների չկատարման մասին, ադրբեջանական կողմն էլ, բնականաբար, սկսեց խոսել դիվանագիտական շանտաժի լեզվով, այդ թվում ՝ ակնարկելով ուժի կիրառման մասին։
Այս ամենը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, չարձագաքելով Ալիևի՝ դիվանագիտական տերմիններով շղարշված ուղիղ սպառնալիքներին, ցույց է տալիս, որ առնվազն այս պահին գործիքակազմ չունի, որով կարող է արձագանքել և Ադրբեջանին հակընդդեմ պահանջենր ներկայացնել՝ մասնավորապես, գոնե բանավոր պայմանավորվածությունները կատարելու մասով, ինչը տրամաբանությունից դուրս է, որովհետև Ադրբեջանը նույնիսկ գրավոր պահյմանավորվածություններին տեր չի կանգնել։
Ի դեպ՝ Ալիևի խոսույթի մեջ հետաքրքիր նրբերանգ կա՝ Հայաստանին մեղադրել գրավոր պայմանավորվածությունները չկատարելու մեջ և վկայակոչելով, որ իբրև թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն Ադրբեջանի համար դիվանագիտական և քաղաքական հաղթանակ է։
ՀՀ իշխանությունների քաղաքական թուլությունը, կամքի բացակայությունը, գործիքակազմ ստեղծելու ժամանակահատվածը բաց թողնելը կամ ոչ արդյունավետ քաղաքականություն տանելը նրանց դրել է մի իրավիճակում, որ թշնամին կարող է հոխորտալ, իսկ ՀՀ իշխանությունների մտահոգությունը հավանաբար այն է, որ եթե պատասխանեն, գուցե Ադրբեջանն ուժ կիրառի, և իրենք կրկին պարտվեն։
Կարծում եմ՝ այս մտավախությունն է, որ ՀՀ իշխանություններին ստիպում է շատ ավելի զիջողական լինել և Ադրբեջանի նկատմամբ ռեակտիվ քաղաքականություն վարել՝ երբեմն թեթև երանգներով կարծրացնել խոսքը, իսկ այնուհետև միանգամից տրվել Ադրբեջանի պահանջներին։ Իմիջիայլոց, այս միտքն ապացուցվում է այս ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից վարված քաղաքականությամբ, դրա ժամանակային զարգացման տեմպերով և երանգներով։
Հետևաբար ես կարծում եմ, որ ներքին վախերը ՀՀ իշխանություններին թույլ չեն տալիս արձագանքել։ Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, բայց, ինպես տեսնում եք, ՀՀ իշխանությունները կարծես թե չեն համաձակվում արձագանքել ադրբեջանական կողմին։
-Պարո՛ն Պողոսյան, Ալիևն իր հարցազրույցում շեշտել է, որ Ադրբեջանը ոչ մի քայլ հետ չի շարժվի ինչպես 2021 թվականի մայիսին, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից։ Ի՞նչ հետևություններ պետք է անեն անդադար խաղաղությա պայմանագրի կնքման կարևորության մասին հայտարարող ՀՀ իշխանությունները, եթե պաշտոնական Բաքուն չի պատրաստվում զորքերը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքներից։
-Չգիտեմ՝ բարեբախտաբար թե դժբախտաբար մեզ բաժին հասած թշնամին բավականին կանխատեսելի է։ Ալիևն այս մասին ավելի վաղ ևս խոսել էր։ Այն, ինչ 2020 թվականից հետո խոսվել է, այժմ կատարվում է։ Մասնավորապես, երբ Ալիևը հայտարարում էր, որ վերցնելու է ռազմավարական բոլոր բարձունքները, որոնք հետագայում իր համար հենարան են լինելու։ Ալիևի յուրաքանչյուր սադրանք հստակ մարտավարական քայլ է, որը նպատակ ունի հետագայում վերաճելու ավելի մեծ ռազմական գործողությունների։ Այդպես եղավ ռազմական գործողությունների դիմելու և ամբողջ Արցախը կլանելու ժամանակ։
Երեկ իր հարցազրույցում Ալիևը հստակ նշեց, որ 2021 թվականի մայիսից սկսած՝ իրենց վերցրած բոլոր դիրքերը եղել են հստակ հաշվարկներ՝ հետագայում ռազմական օպերացիա կազմակերպելու համար։ 2022 թվականին Ալիևը դարձյալ հայտարարել է, որ իրենց գրաված դիրքերից նահանջելու մասին խոսք լինել չի կարող, խոսք կարող է լինել միայն դրանք պահելու և փաստաթղթերում ամրագրելու մասին։ Ըստ էության՝ Ալիևը շարունակում է այդ գիծը։
Ինչ վերաբերում է Տավուշի ութ գյուղերին, ապա Ալիևը ոչ վաղ անցյալում ասում էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի բանակցությունների գնալիս պետք է հաշվի առնի 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրողությունները, բավարարի Ադրբեջանի պայմանները, ոչ թե պահանջներ ներկայացնի և հավասարը հավասարի հետ բանակցի։ Ալիևը հենց այս տրամադրվածությամբ էլ շարունակում է։
Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները ոչ միայն այս ամենից հետևություններ չեն արել, այլև շարունակում են թմբկահարել այսպես ասած խաղաղության դարաշրջանը, մի բան, որն ուղղակի անհնարին է։
Այս ամենից ի՞նչ հետևություններ պետք է անեին ՀՀ իշխանությունները. ակնհայտ է, որ վերջիններս, որպես պարտված իշխանություններ, իրենց վրա կրում են այդ կնիքը, վախը նրանց ենթագիտակցության մեջ է՝ վախ Ալիևից, վախ թուրքերից, վախ պատերազմից, ինչն էլ նրանց թույլ չի տալիս գնալու համարձակ քայլերի։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ընդամենը մեկ անձի կարելի է ստիպել ամբողջ պետության անունից որոշում կայացնել։ Սա վատագույնն է, որին կարելի էր հասցնել պետությունը։
-Պարո՛ն Պողոսյան, Ալիևի մյուս շեշտադրումը վերաբերել է «Զանգեզուրի միջանցքին»։ Նա մասնավորապես նշել է, որ ադրբեջանական բեռները, քաղաքացիները և ավտոտրանսպորտը պետք է «միջանցքով» ազատ անցնեն՝ չենթարկվելով որևէ զննման կամ մաքսային վարչարության։ Արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահն ուղիղ հասկացրել է՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանի տարածք։
-Եթե անգամ «միջանցք» տերմինը չօգտագործվի, սա մեծ ռազմավարության մարտավարական հնարք է։ ։ Մենք հիշում ենք, որ մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հռետորաբանությունն այս մասով բավականին կարծր էր, որ Հայաստանը պետք է իրեն միջանցք տրամադրի։ Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրեն այլևս հետաքրքիր չէ, այն ավելի շատ Հայաստանին է ձեռնտու։ Նպատակն Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը մեղմելն էր և որոշակի դրական ֆոն ստեղծելը։ Այժմ Ադրբեջանն զգում է, որ ամբողջությամբ մարսել է Արցախի դեմ ամբողջական օպերացիան, զուգահեռ Հայաստանում շատերն այդ ընթացքում տրվեցին գայթակղությանը՝ կարծելով, որ միջանցքի թեման փակ է։ Մինդեռ սա մարտավարական հնարք է։
Սա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանն առնվազն փորձելու է Հայաստանից փաստաթղթավորված կերպով ամրագրել «Զանգեզուրի միջանցքի» որոշակի կարգավիճակ՝ ի վերջո հասնելով նրան, որ այն դառնա Հայաստանից պոկված տարածք։ Դրա համար ընդամենը կատարելու են փոքր սադրանքներ, որոնց արդյունքում պնդելու են, որ անվտանգության ապահովման այլ երկրի զինուժի տեղակայման կարիք կա։ Ադրբեջանի համար, բնականաբար, լավագույն տարբերակըն այս դեպքում թուրքական խաղաղապահ ուժերն են։