«3+3» ձևաչափն ի սկզբանե կյանքի չկոչվեց այն պարզ պատճառով, որ Վրաստանը չցանկացավ մասնակցել դրան։ Վրաստանի նօրինակման դիրքորոշումից հետո ընկալում ձևավորվեց, որ այս ձևաչափով փորձ է արվում արևմտյան կառույցներին դուրս թողնել Հարավային Կովկասում տարածաշրջանային խնդիրների կարգավորումից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով պաշտոնական Թեհրանի պատրաստակամությանը՝ «երեք գումարած երեք» ձևաչափով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել։
«Այս ձևաչափն առանձնապես ընդունելի չէ նաև Հայաստանի համար։ Եթե Հայաստանի համար ընդունելի ձևաչափ լիներ, իրենք կարող էին ասել՝ «Ոչինչ, որ Վրաստանը չի մասնակցում, եկեք «3+2» ձևաչափով աշխատենք»։
Բայց այսօր կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանը դժգոհ է իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, որի շահերը համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։ Իսկ Հայաստանը համարում է, որ դա իր համար կարմիր գիծ է, որ, ի դեմս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», արտատարածքային ճանապարհ լինել չի կարող»,- ասաց քաղաքագետը։
Էդվարդ Անտինյանի խոսքով՝ այս իրավիճակում հակասության մեջ են մտնում Թուրքիայի և Իրանի շահերը, որովհետև Իրանը նույնպես ասում է՝ իր համար այդ ճանապարհը կարմիր գիծ է։
«Նույնը կոշտ ձևով ասում է նաև ԱՄՆ-ը, որ Սյունիքով անցնող ճանապարհն իր համար ևս կարմիր գիծ է։ Այս պարագայում, եթե մենք ակնկալում ենք, որ «3+3» ձևաչափով ինչ-որ հարց կկարգավորվի, հարց է առաջանում. այդ ո՞ր կետում են հատվելու Իրանի և Թուրքիայի շահերը, որ մենք էլ վստահ լինենք, որ այդտեղ խնդիր չենք ունենալու։
Մյուս կողմից, տարածաշրջանային հարցերում արևմտյան կառույցների ներգրավումը, ի նպաստ Հայաստանի, շատ ծանր են տանում Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ Այս պարագայում մտածել, որ «3+3»-ը կարող է արդյունավետ ձևաչափ լինել, միամտություն կլինի։
Իսկ իրականությունն այն է, որ տարածաշրջանում Արևմուտքի դերակատարությունն իրոք մեծացել է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում «երեք գումարած երեք» ձևաչափով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին։