31 տարի առաջ՝ այս օրը, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, ԼՂՀ անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Հենց Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանն առաջարկեց չհապաղել և հանրաքվեի օրը նշանակել դեկտեմբերի 10-ին։
Հանրաքվեի 108 736 մասնակիցներից անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը):
Azg.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, արցախցի Բորիս Առուշանյանի հետ։
-Պարոն Առուշանյան, 1991-ին Ստեփանակարետը ռմբակոծվում էր, որովհետև Շուշին ազատագրված չէր։ Թեժ մարտերի պայմաններո՞ւմ է անցել քվերակությունը։
-Հանրաքվեն անցել է հրետակոծության ներքո, կային զոհեր, սակայն մասնակցությունը մեծ էր՝ Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից մի քանի տասնյակ դիտորդների ներկայությամբ։ Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված էր ադրբեջանական կրակակետերով, այդ թվում՝ Շուշիից, Խոջալուից, Ջանհասանից և այլն։
-Ադրբեջանցիները գիտեի՞ն հանրաքվեի մասին և ինչպե՞ս էին իրենց դրսևորում։
-Ադրբեջանցիները բոյկոտում էին հանրաքվեն, չէին մասնակցում։ Նրանցից շատերն ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ մասնակցում էին պատժիչ գործողություններին, գնդակոծություններին և սադրանքներին։ Սակայն ոչ մի բան չէր կարող ազդել արցախցիների վճռականության վրա՝ մասնակցելու հանրաքվեին։
Ադրբեջանցիները նախապես տեղեկացվել էին հանրաքվեի մասին, ադրբեջաներենով ձևաթղթեր էին պատրաստվել։
-Պարոն Առուշանյան, Արցախի ո՞ր տարածքները, ո՞ր շրջաններն են մասնակցել քվեարկությանը։
-Քվեարկությանը մասնակցել են ԼՂԻՄ բոլոր շրջանները և Շահումյանի շրջանը։
-Իսկ միջազգային կառույցներն ընդունե՞լ են հանրաքվեի արդյունքները։
-Միջազգային կառույցները որևէ խախտում չհայտնաբերեցին և սպասում էին Հայաստանի իշխանությունների ռեակցիային, սակայն, ցավոք, Լևոն Տեր-Պետրոսյանը, աշխատելով խուսափել լայնածավալ պատերազմից, իմ կարծիքով անվճռականություն ցուցաբերեց, սխալ թույլ տվեց՝ չճանաչելով ԼՂՀ անկախությունը։ Պատերազմից, միևնույն է, չհաջողվեց խուսափել։
-Պարոն Առուշանյան, իսկ Կրեմլն ինչպե՞ս է արձագանքել արցախցիների որոշմանը։
-Ռուսաստանը, որքան ես եմ հիշում, դեմ չարտահայտվեց, քանի որ ամեն բան տեղի էր ունենում միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենքների շրջանակում։