«Փեթակ» տոնավաճառի տարածքում մետրոյի նոր կայարան բացելու վերաբերյալ Տիգրան Ավինյանի հայտարարությունը զգալիորեն կապված է քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ։ Սա անկասկած PR քայլ է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա ՝ եթե Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն, բացի վերոնշյալ կայարանից, հայտարարում է նաև Աջափնյակում մեկ այլ կայարանի նախագծային-նախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման մասին, ակնհայտ է, որ իշխանությունն ընտրազանգվածի մոտ դրական սպասումներ ձևավորելու հարց է լուծում։
«Այլ հարց է, թե հասարակության մոտ իրո՞ք նման սպասումներ կառաջանան, որովհետև առնվազն ես մոտ 30 տարի նախընտրական նման խոստումներ լսում եմ։ Խորհրդային միության փլուզումից հետո մետրոյի նոր կայարանների բացման մասին անընդհատ խոսվել է, խոստումներ են տրվել։
Այժմ, ըստ էության, մեկ կայարանը շահագործման չհանձնած՝ մյուսի հնարավոր կառուցման մասին է ազդարարվում։ Կարծում եմ՝ դրական սպասումներ են ցանկանում առաջացնել, ընդ որում՝ կոնկրետ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մասով»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ քաղաքապետի այլ թեկնածուները (եթե այդպիսիք պաշտոնապես առաջադրվեն) ևս կարող են նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ պակաս մասշտաբային ծրագրերի մասին հայտարարել։
«Օրինակ՝ խոստանան կառուցել մետրոյի նոր կայարաններ, 100 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտեր, մոնոռելսային երկաթուղի և այլն։ Գիտեք, նախընտրական կամպանիա է, ով ինչ ուզում՝ առաջարկում է։
Մյուս կողմից, կա ռիսկի գործոն, որ «Փեթակում» աշխատող քաղաքացիները կարող են ընդդիմանալ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագրին, և Ավինյանի վարկանիշը զգալի վնաս կրի։
Ամեն դեպքում, 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ընտրողների շատ ավելի մեծ զանգված կարող է ոգևորվել նախընտրական ծրագրերով, այսինքն՝ ռիսկային գործոնը շատ ավելի փոքր է, քան էյֆորիկ սպասումները, և քանի որ Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման շուրջ հետաքրքրությունը քիչ թե շատ մարել է, իշխանությունն այժմ նոր խոշոր ծրագրի մասին է հայտարարում՝ լրացուցիչ իմպուլս և էմոցիոնալ ֆոն հաղորդելով գործընթացին»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Վերջում քաղտեխնոլոգը հավելեց՝ մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, նմանօրինակ քայլերրի պակաս չի զգացվի, տարբեր թեկնածուներ կհայտարարեն աղմկահարույց ծրագրերի մասին։
«Եթե ես՝ որևէ թեկնածու, նախընտրական ծրագիր գրելու լինեմ, առնազն 5-6 լայնամասշտաբ նախագիծ կներառեմ»,- նշեց նա։
Հ.Գ. Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված է անցկացնել այս տարվա աշնանը, սակայն Azg.am-ի տեղեկություններով՝ ընտրությունը կարող է կայանալ ավելի վաղ՝ հունիսի 2-ին։