Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 7-ին Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ կքննարկի ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՏԱՍՍ գործակալությունը նաև մեջբերել է Ուշակովի խոսքը. «Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։ Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում՝ առաջնորդների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,-հավելել է նա։
Առաջնորդները կքննարկեն նաեւ ռուս-հայկական հարաբերությունների առանցքային կողմերը, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
«Էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը զարգանում է։ Գազի մատակարարումները Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,4 մլրդ խմ (1,41 մլրդ խմ՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին)»,-ընդգծել է Ուշակովը։