ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ, բնականաբար, ճշմարտության մեծ բաժին կա, բայց խնդիրն այն է, թե Արցախի հարցում Ռուսաստանն ինչո՞ւ այդպես վարվեց և ինչո՞ւ մինչև հիմա այդպես չէր վարվում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման հարցադրում հնչեցրեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»։
Քաղաքագետի խոսքով՝ այն, որ Արցախն Ադրբեջանին հանձնվել է Ռուսաստանի թողտվությամբ, պարզ է, բայց դա ակնհայտորեն տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների՝ բացարձակ ոչ կոմպետենտ քաղաքականության պատճառով։
«Այսինքն՝ այնպես չէ, որ միայն Ռուսաստանին է պետք մեղադրել։ Ռուսաստանն, ինչպես միշտ, առաջնորդվել է իր շահերով, հե տևաբար ՀՀ իշխանություններին պետք է հարցնել՝ ինչո՞ւ այնպիսի արտաքին քաղաքականություն իրականացրեցին, որ ՌԴ-ի շահերից բխեց հանձնել Արցախը։
Սա է հիմնական խնդիրը. բուն գործողությունն, իհարկե, Ռուսաստանն է արել։ Իհարկե, առանց Ռուսաստանի լուռ համաձայնության Ադրբեջանը այդպիսի ագրեսիայի չէր գնա. Ադրբեջանը միշտ է այդպես ցանկացել՝ ուժով լուծել հարցը, բայց կարողացել է դա անել միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է Ռուսաստանին հիմքեր տվել ոչ միայն լուռ հետևելու Արցախի շուրջ գործընթացներին, այլ նաև որոշ հարցերում նույնիսկ աջակցելու Ադրբեջանին։ Հիշենք ՌԴ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունը, որ Արցախում Ադրբեջանի հետ համատեղ բարդ օպերացիա է իրականացվել»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը և գործող կառավարությունը ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկել՝ կանխելու Արցախն Ադրբեջանին հանձնելու սցենարը, այլև իրենց շարունակական հայտարարություններով ցույց են տվել՝ ՀՀ ինքնիշխանության ճանապարհին իրենք Արցախը հանձնելը համարել են կարևոր քայլ։ Այսինքն՝ ՀՀ գործող իշխանություններն Արցախը հանձնելը շատ դրական գործընթաց են համարել, քանի որ Արցախը դիտարկել են որպես Հայաստանի վզին գցված թոկ։
«Եթե մտածողությունն այդպիսին է, ապա բոլոր ողջամիտ հիմքերը կան պնդելու, որ իշխանությունները միտումնավոր են ամենն արել, որպեսզի Արցախի հարցը մեկընդմիշտ փակվի։
Ես տարբեր հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ Արցախի վերաբերյալ Արևմուտքի ընկալումը միշտ եղել է հետևյալը. եթե Արցախում կան հայեր, ուրեմն կան նաև ռուս խաղաղապահներ։ Եթե Արցախում չլինեն հայեր՝ չեն լինի նաև ռուս խաղաղպահներ, հետևաբար Արևմուտքին, մեծ հաշվով, ձեռնտու էր, որպեսզի Արցախում հայեր չլինեն։
Վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախի հարցում ճիշտ նույն մոտեցումն է ունեցել, այսինքն՝ իրենք համարել են, որ եթե Արցախը պետք է հայկական մնա ռուսական ներկայության շնորհիվ, ուրեմն ավելի լավ է՝ այնտեղ ընդհանրապես հայեր չլինեն։ Եվ հենց այդպես էլ այս իշխանությունները վարվել են, այսինքն՝ այս հարցում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե հայկական հավաքական շահերով, այլ Արևմուտքի հավաքական շահերով»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա»։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։