Հետևելով Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերին և հայտարարություններին, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցը, հասկանալի է դառնում, որ նա փորձում է աշխարհաքաղաքական փոփոխություն կատարել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը և հեռանալ տարածաշրջանից։
«Իմաստը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր վեկտորը և մտնել Արևմուտքի՝ այսինքն՝ Թուրքիայի ազդեցության գոտի։ ՔՊ-ական մի շարք պատգամավորների հայտարարություններն ուղղակիորեն արտահայտում են այդ միտքը։
Պեսկովի հայտարարությունն իր հերթին այն մասին է, որ Ռուսաստանը չի պատրաստվում և չի կարող լքել Հարավային Կովկասի տարածաշրջանը, որովհետև այն իր համարշատ կարևոր գոտի է։ Ռուսաստանն այստեղից չի կարող հեռանալ՝ հենց իր անվտանգությունից ելնելով»,- ասաց մեր զրուցակիցը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն շատ մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի համար, և բնական է, որ նման իրավիճակում կարող են որոշ զարգացումներ լինել։
«Այստեղ շատ կարևոր է, որ հայ հանրությունը լավ պատկերացնի իրավիճակը և հասկանա, որ Երևանի ավագանու ընտրությունները կարող են դառնալ իշխանափոխության առաջին փուլը։ Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանի ճակատագիրը կախված է երևանցիների գիտակցումից։ Մինչդեռ շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ ճակատագրական պրոցեսներ են ընթանում»,- ասաց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի:
«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել երկու երկրների սերտ համագործակցության երաշխիք։ Բայց մենք չենք կարող համաձայնել պարոն վարչապետի այս թեզերի հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը», – ասել է Պեսկովը։