Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-Պարո՛ն Նահապետյան, նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։ Դեպքերի նման զարգացումը Ձեզ համար սպասելի՞ էր։
-Միայն ռուս խաղաղապահներն են չէ՞ Արցախից դուրս գալիս։ Իսկ Ակնայում գտնվող մոնիթորինգի կենտրո՞նը․այն մնում է։ Սա ի գիտություն ընդունենք։ Այսինքն՝ ռուսական ներկայությունն այդ տարածքում շարունակում է մնալ, ռուսներն այնուամենայնիվ մնում են այդտեղ։ Սա ևս արձանագրենք։
Իսկ թե ինչու են որոշել, որ ռուս խաղաղապահներն Արցախից վաղաժամկետ դուրս գան, երկու երկրների նախագահների որոշելիքն է։ Որո՞նք են որոշման հիմքերը, պայմանավորվածությունները. դրա մասին որևէ տեղեկություն չկա։
-Համամի՞տ եք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի՝ Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում։
-Իմ գնահատմամբ՝ Արցախի հարցը փակված չէ։ Ազդեցության ոլորտների վերաբաշխում է տեղի ունենում։ Այո՛, թուրքական գործոնն ուժեղանում է. դա ակնհայտ է։ Բայց ամեն ինչ հարաբերական է։ Այսօր է ուժեղանում, իսկ վա՞ղը։ Ռուսաստանի համար սրանք կենսական տարածքներ են, և վերահաս զարգացումներ լինելու են։ Ես վստահաբար ասում եմ՝ Արցախի հարցը փակված չէ։
-Պարո՛ն Նահապետյան, այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Ինչպե՞ս կգնահատեք կառավարության այս որոշումը։
-Բանակը համալրելու խնդիր կա, և կարծում եմ, որ եթե այդպես են որոշել՝ բանակի շարքերը համալրելու խնդիր են լուծում։ Բանակը չի համալրվում, խնդիրներ կան։ Իհարկե, խնդիրներ վաղուց կային՝ նույնիսկ մինչև 2018 թվականը, բայց հիմա, միգուցե, դրանք ավելի են սրվել։ Կարծում եմ՝ սա լուծման տարբերակ է։ Երևի թե հարցին պետք է այս տեսանկյունից նայենք։ Երբ մարտական խնդիր է դրվում, նաև դրվում է անձնակազմի խնդիրը։
-Պարո՛ն Նահապետյան, կիսո՞ւմ եք տեսակետը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ հերթական հանդիպմանը գյուղացիների «գլխի տակ փափուկ բարձ դրեց»՝ հերթական անգամ լղոզելով տարածքների հանձնման թեման։
-Հարցին նայենք իրավական տեսանկյունից։ Եթե փոխատեղման խնդիր լինի, դա որոշվելու է ոչ թե մեկ անձի, այլ հանձնաժողովների կողմից։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ սահմանագծման-սահմանազատման գործընթաց, որպես այդպիսին, չկա։
ՀՀ իշխանությունները հիմա «զիջել» բառն են օգտագործում, չեն ասում «հանձնել», թեև զիջում լինում է, երբ գործընթացը երկկողմանի է լինում՝ առավել ևս, որ Ադրբեջանը մի քանի հարյուր կիլոմետր հայկական տարածքներ է օկուպացրել։ Ադրբեջանը փաստացի որևէ բան չի զիջում, միայն տալիս է հայկական կողմը։ Այս դեպքում գործընթացը որակվում է որպես հանձնում։ Նիկոլ Փաշինյանը տարածքներ է հանձնում։ Բայց թող չփորձի դա գյուղացիների «գրպանը գցել»։
Կարծում եմ՝ նա նման փորձ անում է, որովհետև օրեր առաջ, երբ Ոսկեպարում հավաք եղավ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը բարձրաձայնեց՝ ասելով, որ գյուղացիներին ևս ներգրավում են հանձնաժողովի մեջ։ Դա ակնհայտ խեղաթյուրում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։ Գյուղացին որևիցե գործ չունի այդ հանձնաժողովում, հանձնաժողովում պետք է բացառապես համապատասխան մասնագետներ լինեն։
Երբ հանձնաժողովում ներգրավում են նաև գյուղացիներին, ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը սովոր է իր ցանկացած ձախողում և պարտություն ուրիշի «գրպանը գցել»։ Տավուշի մարզից տարածքներ հանձնելու գործընթացում ևս նա նույն կերպ է վարվում։ Եթե գործընթացը գնա այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը տարածքներ հանձնի, ասելու է, որ դա գյուղացիներն են արել, նրանք իրենց համաձայնությունը տվել են։ Բայց եթե տարածքներ չեն հանձնվում, և Աստված մի արասցե՝ ռազմական գործողություններ են սկսվում, Փաշինյանը կհայտարարի, որ գյուղացիները դեմ էին տարածքներ զիջելուն, դրա համար էլ ադրբեջանական բանակը ռազմական գործողություն սկսեց։
Այնպես որ, Փաշինյանն ապօրինի, անօրինական գործընթաց է իրականացնում։ Բայց դրանից նրա վարկանիշն ակնհայտորեն չի բարձրանում։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման քայլ անում։ Որովհետև նրա վրա ազդեցության լծակ կա, որտեղ նա ունի տարածքներ հանձնելու պարտավորություններ։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այնուամենայնիվ Փաշինյանի վրա ազդեցության լծակներ ունի, որոնք նույն Փաշինյանին պարտադրում են անել քայլեր, որոնք ոչ միայն խոցում են ՀՀ անվտանգությունը, այլև ուղղակիորեն հարվածում են Փաշինյանի վարկանիշին։ Իսկ նա մտածում է, որ ավելի լավ է՝ իր վարկանիշը երկրի ներսում ընկնի. միևնույն է՝ ինքը ոստիկանական ուժերով, ամենավերջին այլանդակություններով կարող է զսպել ցանկացած ընդվզում, վախեցնել մարդկանց։ Մինչդեռ նույն լծակը Փաշինյանն Ադրբեջանի վրա չունի. նա չի կարող այդ երկրի նախագահին ստիպել չկիրառել իր ձեռքին եղած գործիքները։
Ես չեմ էլ բացառում, որ Տավուշից տարածքների հանձնումը Նիկոլ Փաշինյանը խոստացել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։