Արդեն մեկ տարուց ավելի է՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ոչ թե դուրս է բերում ՀԱՊԿ-ից, այլ Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ բախման։ Դեռ 2021 թվականի հունիսին քաղաքագետ Կարեն Բեքարյանը հստակ ձևակերպեց, թե ինչ է կատարվում. ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքում աշխարհաքաղաքական կոնֆլիկտ է հրահրում, որպեսզի քաոսի մեջ պահի իր իշխանությունը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնմալով փաստին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Հարցին՝ ո՞րն է իշխանությունների՝ ՀԱՊԿ-ին ունեցած այլընտրանքը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Թուրքիայի տիրապետության ներքո հայտնվելը։
«Հայաստանի ինչ-որ մասեր կհանձնվեն Ադրբեջանին, իսկ հիմնականում Հայաստանը կգտնվի Թուքիայի լրիվ վերահսկողության տակ։ Դեռ հարց է՝ ՀՀ պետականությունը ֆորմալ առումով կպահպանվի, թե ոչ։
Հաշվի առնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա միշտապես հարցական ձևով է ձևակերպում, բայց իրականում նպատակաուղղված կերպով բերում-հասցնում է ինչ-որ հանգրվանի։ Նույն կերպ նա ֆանտաստիկ թվացող, իբր հռետորական հարցերով Արցախը բերեց-հասցրեց բոլորիս հայտնի հանգրվանին»,- ասաց ռազմական փորձագետը։
Կարեն Վրթանեսյանը շեշտեց՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանին են հանձնում ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի ռազմավարական նշանակության կարևորագույն կտորներ։
«Թշնամին խեղդում է Հայաստանը։ Հիմա էլ արդեն թեմա է բարձրացրել, թե Հայաստանն ընդհանրապես գոյություն ունի՞ որպես պետություն։ ՀՀ իշխանությունը զավթած ներկայիս խումբը ոչ թե Հայաստանի իշխանություն է, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը ներկայացնող օկուպացիոն վարչակարգ »,- ասաց նա։
Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հայտարարությանը, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներում կարևոր է, Կարեն Վրթանեսյանը նկատեց՝ ռուսական կողմը տարբեր հայտարարություններով է հանդես գալիս, բայց թե որքանով են դրանք լուրջ, դժվար է ասել։
«Ռուսաստանն այսօր Ուկրաինայում լրջորեն խրված է, և շատ մեծ հարց է՝ այլ տեղերում ինչ-որ բան անելու ռեսուրս ունե՞ն։ Գուցե ունեն, գուցե՝ ոչ, բայց ակնհայտ է, որ ռուսները փորձում են ուղղակի հնարավորինս կոնսերվացնել վիճակը։ Դա այնքան էլ չի աշխատում՝ գոնե Արցախի հարցում։ Ռուսներն իրենց դիրքերն այնտեղ կորցնում են։ Ճանապարհի վերահսկողությունը կորցնելը նրանց զրկեց ազդեցության լծակից»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը։