Azg.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
-Պարո՛ն Հակոբյան, երեկ տարածվեցին ՀՀ արտգործնախարարության և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները, որ Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագրի ուղղությամբ «զգալի առաջընթաց» են գրանցել, և կողմերը խաղաղության համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ հասել են փոխըմբռնման։
Թե հատկապես որ հոդվածների, չի մանրամասնվում։ Արդյոք սա հայկական կողմի համար հղի չէ նոր վտանգներով՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում «զգալի առաջընթաց» գրանցվում է առավելապես Ադրբեջանի օգտին։
-Ընդհանուր առմամբ, եթե օբյեկտիվ լինենք, դա բնորոշ է բանակցային գործընթացին, այսինքն՝ քանի դեռ արդյունք չկա, որևէ մեկը պաշտոնական մակարդակով դժվար թե ասի՝ ինչի շուրջ են կողմերը պայմանավորվել կամ ինչի շուրջ չեն պայմանավորվել։ Այլ բան է, երբ կողմերը ցանկություն են ունենում, և տեղեկատվական արտահոսք է կազմակերպվում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կողմերից յուրաքանչյուրը ինչն է ուզում վիժեցնել, ինչը՝ հաջողեցնել։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է սպասել ԱՄՆ-ում անցկացված հայ-ադրբեջանական բանակցություններից, ապա կարող ենք ասել, որ այս պրոցեսում մեծ գաղտնիքներ չկան։ Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը ժամանակին ներկայացրել է իր պահանջները, դեռևս ամիսներ առաջ նշել հայտնի հինգ սկզբունքները։
Հայկական կողմը, ոչ այդքան հստակ, սակայն ամեն անգամ հասկացրել է, որ իր համար կարմիր գիծը 29 800 ք/կմ տարածքն է։ Հայաստանն Ադրբեջանին ասում է՝ ես ճանաչում եմ քո տարածքային ամբողջականությունը, բայց դու էլ իմը պետք է ճանաչես՝ Խորհրդային Հայաստանի սահմաններով։ Դրա շուրջ են խոսում։
Հիմնական առևտուրը, կարծում եմ, գնում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Նաև՝ փախստականների վերադարձի շուրջ. Ադրբեջանը Հայաստանին ասում է՝ եթե դու դնում ես Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության և իրավունքների հարցը, ես էլ պնդում եմ, որ քո տարածքում ադրբեջանական փոքրամասնության իրավունքների հարցը պահպանվի։
Կարծում եմ՝ որոշակի չճշտված հարցեր կան նաև անկլավների շուրջ։ Բայց եթե Ադրբեջանի այս ախորժակն էլ բավարարվի, ապա Հայաստանը կհայտնվի լիակատար վերահսկողության ներքո։
-Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս հայկական կողմի՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» կարգախոսից սահուն անցում կատարվեց «Դեմ ենք ԼՂ ազգային փոքրամասնությունների էթնիկ զտումներին» կարգախոսին։
-Նիկոլ Փաշինյանը սկզբից մի ինչ-որ կարգախոսով է հանդես գտալիս, օրինակ՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Այնուհետ իրավիճակ է ստեղծվում, երբ Ադրբեջանն ուժի դիրքերից լուծում է իր առջև դրված հարցերը։ Փաշինյանն այնուհետ հայտարարում է, որ ինքը դեմ էր ադրբեջանցիների առաջխաղացմանը, որ տարածքները ոչ թե ինքն է տվել, այլ ադրբեջանցիներն են վերցրել։ Այդքանից հետո հստակ հասկացնել է տալիս, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Դե եթե անվտանգության երաշխավորը չէ, մնում է գոնե հայտարարել, որ Հայաստանը դեմ է արցախահայության էթնիկ զտումներին։
Այս ալգորիթմով Փաշինյանը «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսից հասել է ընդամենը նրան, որ Արցախում հայերն էթնիկ զտումների չենթարկվեն։
-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ հայկական կողմից միջազգային հանրությանն ուղղված նոր կոչ չի հնչի՝ դիտորդներ գործուղեք, որպեսզի արցախահայերն Ադրբեջանի կազմում կարողանան ապրել։
-Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձները և քաղաքական հայտարարությունները դրա մասին են։ Նա հայտարարում է, որ Լաչինի միջանցքում և Արցախի շուրջ պետք է լինեն ռուս խաղաղապահներ, բայց պետք է լինի նաև միջազգային ստատուսով փաստահավաք խումբ։ Այսինքն՝ նա հենց դա էլ ասում է, ասում է՝ միայն խաղաղապահները բավարար չեն, որպեսզի Արցախում անվտանգություն ապահովեն, և ի լրումն վերջիններիս՝ լավ կլինի, եթե գա նաև միջազգային դիտորդական առաքելություն։
Փաշինյանը չի էլ թաքցնում, որ Արցախն Ադրբեջանի կազմում է տեսնում, բայց իր միակ խնդիրը Հայաստանի 29 800 ք/կմ տարածքն ապահովելն է, իսկ Արցախի համար էլ, որպեսզի այնտեղ էթնիկ զտումներ չլինեն։ Այսինքն՝ այսօր այլևս խնդիր չկա, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէ։ Երբ Պրագայում հայտարարվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, Ադրբեջանը շատ հստակ հասկացավ ամեն ինչ։
Այժմ նա Լաչինի միջանցքում անցակետ է դրել, և ասում է՝ եթե Հայաստանը հայտարարում է, որ ճանաչում է իմ տարածքային ամբողջականությունը, իմ տարածքում ինչ ուզում, այն էլ անում եմ. այսօր անցակետ եմ դնում, վաղն էլ կարող եմ սանիտարական կետ դնեմ, մյուս օրն էլ՝ անձնագրային և վիզաների կետ, չէ՞ որ Հայաստանը ճանաչել է իմ տարածքային ամբողջականությունը։