Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
-Պարո՛ն Մաթևոսյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ցուցադրական պահվածքը, որ ինքն իբրև խիստ անաչառ է, չի խնայում անգամ յուրայիններին և Կառավարության ֆինանսավորած ծրագրերի ձախողման պատճառով պատրաստ է ընդհուպ պաշտոնանակ անել սեփական թիմակիցներին։ Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հայտնի ակցիայից հետո Փաշինյանն արդյոք այս էժան տրյուկով չի փորձում բարձրացնել սեփական վարկանիշը։
-Արդեն «ցինիզմ» բառն էլ է դժվար կիրառել մեր իրականությունը նկարագրելու համար, որովհետև անցած տարվա հունվարին, երբ Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 զինծառայող մահացավ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդպես էլ հրաժարական չներկայացրեց, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատեց, բայց ահա մարզադպրոցի՝ վատ ամրացված կախիչի պատճառով երկու հոգու պաշտոնանկ արեց։ Եթե այս տրամաբանությամբ դիտենք, ստացվում է, որ կախիչը Նիկոլ Փաշինյանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան վառված զինծառայողների կյանքը։ Կրկնում եմ՝ ցինիզմն ու PR-ն էլ պետք է սահման ունենան։
Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կապված դրվագին, ապա այն պայմանավորված է ոչ թե այժմեական պրոցեսներով, այլ ավելի խոր գործընթացներով։ 2018 թվականից սկսած՝ մեզ լիակատար կապիտուլյացիա է պարտադրվում։ Այդ կապիտուլյացիայի գաղափարական նկարագրությունը դեռ 2018 թվականին տվել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա, այցելելով Հայաստան, հայտարարել էր, որ Հայաստանմը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից։
Սա ենթադրում է ոչ միայն Ադրբեջանին հանձնել Արցախը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլ նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասնական ռազմաքաղաքական դաշինք կազմել, որի նետը պետք է ուղղված լինի Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ենթադրում է մեր ինքնության ֆունդամենտալ փոփոխություն, իսկ մեր ազգային հիմնասյուներից մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեվերջյան ուղերձը Հանրային հեռուստատեսությամբ արգելելը ընդամենը դրա դրսևորումներից մեկն է։
Հիշո՞ւմ եք, 2018-ին կար «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անունով մի շարժում, որի անդամները խանգարում էին անգամ Վեհափառի տեղաշարժը։ Ներկա պրոցեսներն ահա այս ամենի շարունակությունն են։ Բայց չկարողանալով լուծել Կաթողիկոսի հարցը՝ իշխանությունն սկսեց տարանջատվել եկեղեցուց, բարձրաստիճան այրերը սկսեցին ներկա չգտնվել հոգևոր միջոցառումներին, մեդիայում սկսեց ագրեսիվ քարոզչություն իրականացվել։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ մեր պետականության հենասյուները քանդում են։ Եկեղեցին ամենավերջին բաստիոնն է, որը եթե կարողանան կոտրել, ևս մեկ քայլով կխարխլեն մեր ինքությունը։
-Պարո՛ն Մաթևոսյան, մարզադպրոցում շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ 5 ամիս է՝ այդպես էլ չի կարողացել բացատրել, որ պետք չէ զուգարաններում թափանցիկ ապակի դնել։ Ինչպե՞ս կարող է նման պարզունակ հարցերում ձախողած ղեկավարը հաջողել երկրի կառավարման գործում։
-Փաշինյանը ձախողել է ֆունդամենտալ հարցերում, նա լիակատար կերպով տապալել է Արցախի հարցը։ Այդ անձի ամանորյա ուղերձն այն մասին էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վտանգի առջև են։ Նա փորձում է այդ գլոբալ ձախողումներին հակադրել միկրոմենեջմենթը։ Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանը գնում էր մարզեր, գյուղացիներից հետաքրքրվում, թե կովը քանի լիտր կաթ է տալիս։ Ես վստահ եմ, որ այնուամենայնիվ Հայաստանում կա մի զանգված, որն այս ամենը դրական է ընդունում՝ դուր գա մեզ դա, թե ոչ։
Քանի որ մինչ այս պահն իշխանություններին կոնցեպտուալ այլընտրանք չի ձևավորվել, Նիկոլ Փաշինյանը կարողանում է նման էժանագին քարոզչությամբ առնվազն միջնաժամկետ կտրվածքով սպասարկել սեփական շահերը։ Սա է հարցը։
-Պարո՛ն Մաթևոսյան, ի՞նչ վտանգներ է պարունակում հասարակության շրջանում խիստ և իր խոսքի տեր ղեկավարի իմիտացիա անելը։
-Տեսեք, մենք ունենք փողոցից եկած իշխանություն, և այն, որ երկրի ղեկավարն ասում է՝ 5 ամիս է՝ այդպես էլ չի կարողացել բացատրել, որ պետք չէ զուգարաններում թափանցիկ ապակի դնել, իմ թվարկած ձախողումների դրսևորումներից միայն մեկն են։ Սա ոչ միայն ներհայաստանյան խնդիր է, այլ համաշխարհային որոշակի տենդենց։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Արգենտինայում երկրի ղեկն ստանձնել է մի մարդ, որը մեր հայտնի բլոգերի և Նիկոլ Փաշինյանի խառնուրդն է։ Այնպես որ, սա ընդհանուր միտում է աշխարհում։
Ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ մենք, կրկնում եմ, ունենք փողոցից եկած իշխանություն. իշխանություն, որը հինգ տարվա ընթացքում ոչ միայն ձախողել է երկրի կառավարումը, այլև բացի սեփական գրպաններում աղքատությունը հաղթահարելուց՝ տեսանելի այլ հաջողություն չի գրանցել։ Այս տրամաբանությամբ վաղը-մյուս օրը կարող ենք հանգել նրան, որ կկորցնենք Սյունիքը, իսկ երկրի ղեկավարը Տավուշում կհայտարարի, որ հինգ տարի է՝ բացատրում է, որ կովի պտուկները պետք է լվանալ գոլ ջրով, բայց գյուղացին դա դեռ չի հասկացել։ Փողոցում ձևավորված իշխանությունն ահա այսպիսի դրսևորումներ է ունենում։
-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող է Արցախը թշնամուն հանձնած, ՀՀ անվտանգությունը մազից կախած անձը մարզադպրոցի կախիչի կամ վոլեյբոլի ցանցի «դարդ անել»։
-Ասեմ՝ ինչպես է այդպես պատահում։ Մենք Արցախից ավելի քան 100 հազար բռնագաղթած անձ ունենք։ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության զգալի մասը Հայաստանում է. այնպես չէ, որ բոլորին են Հակարիի կամրջից առևանգել։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից գնահատականներ լսե՞լ եք, ինչ-որ մեկն ինչ-որ բան ասե՞լ է, ինչ-որ գործընթաց նախաձեռնե՞լ է։ Իսկ ըստ Սամվել Շահրամանյանի հրամանագրի՝ Արցախի Հանարապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից պետք է դադարեր գոյություն ունենալ։ Ինչո՞ւ նրա հակառակ հրամանգրի վերաբերյալ ոչ մի գնահատական և հրապարակում, ոչ մի հայտարարություն չի եղել։ Հենց սրա համար է այդպես ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները ներքին զրույցներում ասում են, որ եթե հայտարարություններ անեն Արցախի պետականության վերաբերյալ, դա կվնասի Բաքվի բանտերում պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Բայց այս հայտարարությունները խիստ նման են նրան, երբ բլոկադայի ժամանակ ասում էին՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին քաղաքական գնահատական չեն տա, որովհետև Արցախը կմնա առանց ՀՀ ֆինանսավորման։ Ի՞նչ է՝ հիմա Արցախը շարունակո՞ւմ է Հայաստանից ֆինանսավորում ստանալ։
Հիմա բոլորը մի կողմ են քաշվել և սպասում են։ Բայց թե ինչի են սպասում, չգիտեմ։