-Պարո՛ն Նահապետյան, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 24 տարի է անցել, բայց այսօր էլ մարդկանց մոտ անպատասխան հարցեր կան՝ ի վերջո ո՞ւմ ծրագիրն էր դա կամ այսքանից հետո իմաստ ունի՞ իրականությունը թաքցնել։
-Եթե մարդկանց մոտ հարցեր կան, դա իշխանությունների խնդիրն է, այսինքն՝ եթե բացահայտում արվել է և հիմնավոր չի ներկայացվել, դա մի խնդիր է։ Եթե բացահայտում չի արվել, և մուտք ծալքեր կան, դա ևս իշխանությունների խնդիրն է։
Սովորաբար պետք է խորքային պատճառները հասկանալ՝ ինչու դա տեղի ունեցավ և ինչու այդպես։ Ոճրագործությունը ցուցադրական էր, թիրախում գտնվող երկու անձանց նկատմամբ հրապարակային դատավճիռ իրականացվեց՝ դաս մյուսներին, որ ինչ-որ պայմանավորվածություններ էին խախտվել կամ արվել էին քայլեր, որոնք հարվածում էին աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերին, և այլ ճանապարհ չէր մնում, քան հարցերը լուծել այդ ճանապարհով։ Որովհետև, եթե կան հակասություններ-հակադրություններ, բանակցությունների միջոցով, ճնշման գործիքակազմ օգտագործելով է փորձ արվում իրավիճակը հարթել։
Բայց եթե գործը հասավ այդտեղ, կարծում եմ՝ ուժային կենտրոնների շահերի բախում կար, և ունեցանք այն, ինչ ունեցանք։
-Պարո՛ն Նահապետյան, կարելի՞ է ենթադրել, որ այսօր մեզ հետ կատարվողը դեռ այն ժամանակ էին ծրագրել կատարել՝ չեզոքացնելով Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին և մյուսներին, բայց համապատասխան մարդ չգտան, որ Նիկոլ Փաշինյան լիներ ու շարունակեր սկսված գործը։
-Բավական իրազեկ որոշ մարդիկ փորձում են մեր քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի կողմից բերված անձնավորություն է։ Այդ դեպքում, բնականաբար, հարց է առաջանում՝ 2018 թվականից ովքե՞ր էին կառավարության անդամները, իր թիմը, խորհրդականները, ԱԺ պատգամավորները ու օգնականները. բոլորն արևմտյան դաշտից էին։ Դա ինքնին ցուցիչ է։ Էլ չեմ ասում՝ 18 թվականին ովքերմ,ինչ կառույցներ օժանդակեցին։ Հիմա ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքն իր թեկնածությունը դրել է։ Այդ կարգի օպերացիաների որոշումները սովորաբար երկու մայրաքաղաքներում են արվում՝ Լոնդոնում և Վաշինգտոնում։
Իրենք 1999-ին փորձ արեցին, որը մինչև վերջ, կարծում եմ, չստացվեց, որովհետև այնուամենայնիվ ուժեր կային, որ կարողացան խոչընդոտել դրսի ուժերի՝ այստեղ կազմակերպած ծրագրերը։ Փորձ արվեց նաև 2008-ին, դա էլ չստացվեց։ Բայց դա չի նշանակում, որ այդ պետությունները հետքայլ էին անելու։ Ստացվեց 2018-ին։
Կա մեկ հարցի պատասխան՝ ո՞ւմ է ձեռնտու։ Հիմա պատկերացրեք՝ Վազգեն Սարգսյանը և իր քաղաքական թիմը ողջ լինեին. ինչ եք կարծում՝ մենք կունենայի՞նք այն, ինչ այսօր ունենք. իհարկե, ոչ։ Հիմա իրենք չկան, և մենք ունենք այս վիճակը։ Ուրեմն ակնհայտ է չէ՞, թե ում էր ձեռք տալիս այս վիճակը, և ում էր ձեռք տալիս, որ Վազգեն Սարգսյանն իր թիմով չլիներ։
-Պարո՛ն Նահապետյան, Վազգեն Սարգսյանը դեռ այն ժամանակ որոշակի մտավախություն ուներ և հասում էր, որ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում։ Ինչի՞ մասին էր նա նախազգուշացնում։
-Վազգեն Սարգսյանին շատ շնորհներ էին տրված։ Չլինելով պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ՝ շատ բաներ էր զգում։ Նա շատ կարևոր միտք է հայտնել. ասում էր՝ ցավոքմեր ժողովուրդը չի կարողանում գնահատել իր հաղթանակը։ Իսկ հաղթանակը կերտել են մարդիկ։ Այդ մարդկանց չկարողացան ճիշտ գնահատել, դարձնել օրվա հերոսը. օրվա հերոսը դարձան օլիգարխները, ունևորները, շոու ոլորտի ներկայացուցիչները, կրիմինալը։ Եվ ահավասիկ,մենք այժմ հնձում ենք այն ժամանակվա սերմերը։
-Պարո՛ն Նահապետյան, ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ասել է, որ իր համար հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է։ Ըստ Ձեզ՝ իսկապե՞ս բացահայտված է, ինչո՞ւ է նա նման պհայտարարություն անում։
-Դե, այն ժամանակ քննչական գործողությունների պատասխանատուն նա է եղել։ Ես չեմ կարող պատասխանել՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է, թե ոչ։ Ջհանգիրյանը համոզված է, որ բացահայտվել է, բայց ես առավել քան համոզված եմ, որ նման դեպքերը մի խումբ արկածախնդիրների մտքի արգասիքը չէ, իրենց որպես գործիք են օգտագործում։
Կրկնում եմ, ո՞ւմ էր ձեռնտու, որ Վազգենն իր թիմով չլիներ. նրանց, ովքեր 2018-ին Փաշինյանին բերեցին իշխանության։ Վազգեն սարգսյանը և նրա թիմակիցները խանգարող գործոններ էին, և այստեղից կարող ենք հետևություններ անել, թե որ ուժային կենտրոններին էր պետք, որ մեր քաղաքական թիմը 1999-ին չլիներ։
Ակնհայտ էին Վազգեն Սարգսյանի խիստ ջերմ հարաբերությունները Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ իսկ հիմա փորձում են ՌԴ-ին Հայաստանից դուրս մղել։ Այսինքն՝ միայն այս զուգահեռը բերլով՝ ակնհայտ է դառնում, թե ինչ ուժային կենտրոնի պատվեր են կատարել։ Ընդ որում՝ ոճրագործությունը կատարողները հավանաբար չեն էլ հասկացել, որ իրենք ընդհանուր համակարգի մի տարր են, և իրենց ,,используют в темную,,.
Նաիրի Հունանյանը նեյրոլինգվիստիկ ծրագրավորման էր ենթարկվել, իրեն Սասունցի Դավթի կերպարի մեջ էին մտցրել, որը պետք է ոչնչացներ Մսրա Մելիքին։ Սա հատուկ ծառայությունների գործիքակազմն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանին առաջինհերթին մտցրել էին Մովսես մարգարեի, այնուհետ՝ Պապ թագավորի կերպարի մեջ։
2018 թվականին այն հարվածային ուժը, որը փողոցներ էր փակում, Կյանքի խոսք աղանդի անդամներն էին, իսկ նրանց պետք է ցույց տրվեր, որ ինչ որ արվում է, Աստծո կամքն է, սիկ ահա փաշինյանն էլ Մովսես մարգարեն է։ Այն ժամանակ սոցիալական ցանցերում Փաշինյանին հենց այդպես էլ ներկայացնում էին, որն իբր, հրեա ժողովրդին եգիպտական լծից ազատող Մովսես Մարգարեի օրինակով, ժողովրդին Սերժ Սարգսյանի իշխանությունից հանում է դեպի ազատություն։
Երկրորդ կերպարը Պապ թագավորի կերպարն է։ եթե հիշում եք, 2018 թվականին Սպահանում պաշտոնական այցի ժամանակ Փաշինյանը հուզական վիճակում բացահայտում արեց, ասաց՝ ինքը Պապ թագավորի սպանությունը երկրորդ անգամ թույլ չի տա։Նա հենց իրեն նկատի ուներ։ Հիշենք, որ Պապը Հայաստանից դուրս դրեց իրեն օգնած հռոմեական լեգեոններին։ Հիմա էլ Փաշինյանը պետք է դուրս դնի 102-րդ ռազմաբազան։ Այնուհետև Փաշինյանն այլևս Պապ թագավորի անունը չտվեց, քանի որ նրան հուշեցին, որ դա, ինչպես ասում են, խփված քարտ է։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ պապ թագավորի կառավարումից 13 տարի հետո Հայաստանը բաժանվեց երկու մասի, և կորուստների շարանը մեկնարկեց։