Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
-Տիկի՛ն Ալավերդյան, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց են սկսել։ Ինչպե՞ս եք գնահատում Արցախի բարձրագույն ղեկավարության նմանօրինակ քայլը։
-Այն, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը որոշել է լինել ժողովրդի կողքին, ողջունելի է. դա նվազագույնն է, որով նրանք ապացուոցում են, որ ոչ թե այլոց կամքին են ենթարկվում, այլ ուշադիր և զգայուն են ժողովրդի արտահայտած կամքին։ Սա ամենաքիչն է, որ կարող են ԱՀ իշխանություններն անել։
Սակայն Արցախի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն լինելու ժողովրդի կողքին, այլև առաջնորդելու նրան։ Այս առումով, անշուշտ, կան բավականին հստակ քայլեր, որոնք գոնե հիմա պետք է արվեն։ Բազմիցս եմ կրկնել, որ ԼՂՀ-ն, որպես չճանաչված պետություն, բոլոր դեպքերում կրողն է մասնակի միջազգային իրավական սուբյեկտության, պարզ լեզվով ասած՝ Արցախի իշխանությունները պարտավոր են դիմել ամենատարբեր միջազգային հարթակներին՝ սկսած ՄԱԿ-ից, վերջացրած եվրոպական կառույցներով։ Արցախի իշխանությունները պարտավոր են դիմել ամենատարբեր հաստատությունների՝ լինեն դրանք մարդու իրավունքներով զբաղվող մարմիններ կամ այլ կարևոր կոմիտեներ։ Պետք է դիմել ՄԱԿ-ի սոցիալական-հումանիտար իրավունքներով զբաղվող կոմիտե։ Առանձին նշված է ինքնորոշման իրավունքի մասին։ Բացի այդ՝ պետք է անպայման դիմել իրավական հարցերով կոմիտե։
Նստացույց հայտարարելը պարտականություն է՝ զուտ որպես Արցախի բնակիչ, բայց, կրկնում եմ, ԱՀ ղեկավարությունը շատ ավելի մեծ պարտականություններ ունի սեփական ժողովրդի առջև։
-Դուք թվարկեցիք Արցախի իշխանությունների իրավունքների մասին։ Իսկ ի՞նչ կասեք ՀՀ վարչապետի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունների առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանն միանձնյա որոշումներ ընդունելու իրավունք ունի՞։
-Ամբողջովին մերժում եմ ՀՀ այսօրվա վարչակարգի ղեկավարի անիմաստ, իրավական որևէ հիմք չունեցող հայտարարությունները, որ ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Դա իրավական առումով բացարձակապես առ ոչինչ է։ Դա քմահաճույքների դաշտում գտնվող գործողություն է։ Պետք է բերվեն իրավական բոլոր հիմքերն՝ ապացուցելու երկու բան, որ այս իշխանությունները քիչ է՝ լեգիտիմ չեն և չեն իրականացնում մինչև անգամ իրենց նախընտրական ծրագիրը, բայցևայնպես նման հայտարարություններ են հնչեցնում։ ՀՀ իշխանությունների հայտարարություններն իրավական որևէ հենք չունեն, դրանք զուտ քմահաճույք են։
Բոլոր այն ուժերը, որոնք հասկանում են սա, պետք է միակարծիք լինեն, դիմեն գոյություն ունեցող բոլոր օղակներին՝ հստակեցնելով, որ ՀՀ գործող վարչակազմը չի արտահայտում ժողովրդի կարծիքը։ Այս իշխանություններն Արցախի մասով հակաիրավական հայտարարություններ են անում, և մենք պետք է ծեծենք բոլոր դռները՝ քաղաքական օրակարգի թեմա դարձնելով երկու բան՝ չկա այնպիսի մի հիմք, որով 120 հազար մարդ պարզապես դատապարտվի սովի կամ ստիպված լինի լքելու իր հայրենիքը։ Չկա նման նորմ, հակառակը՝ բոլոր նորմերը խոսում են այն բանի մասին, որ նման գործողությունն իրավունք չունի ընդունվելու միջազգային հանրության կողմից։
Եթե Հայաստանն այժմ չի պաշտպանում Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը, Արցախն ազատ է ընտրելու միջազգային իրավունքի շտեմարանից բոլոր այն ձևերը, որոնք մինչ այսօր չի օգտագործել։
-Տիկի՛ն Ալավերդյան, Արցախի իշխանությունները չգիտեի՞ն, որ վերջաբանը շատ վատ է լինելու։ Ինչի՞ վրա էին նրանք հույսները դրել։
-Իրենք ունեն պարտավորություններ ժողովրդի առջև, բայց թե ինչու մինչև հիմա դրանք չեն կատարել՝ չգիտեմ. չե՞ն հասկացել, թե հույս են դրել ուրիշ բաների վրա, ինձ համար շատ երկրորդական է։ Այսօրվա ճգնաժամային իրավիճակում կան պարտականություններ, որոնք ԱՀ իշխանությունները պետք է իրականացնեն՝ համագործակցելով արդեն իսկ հայտարարված և գործող շարժումների հետ։
-Բազմիցս է խոսվել և գրվել, որ Թուրքիայի նախագահը մեկ ամիս ժամանակ է տվել ՀՀ իշխանություններին՝ ստորագրելու Ադրբեջանի հետ կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Կարելի՞ է ասել, որ Արցախի հանձնմանը զուգահեռ՝ Հայաստանի կապիտուլյացիան ևս պատրաստվում է։
-Միամտություն և դյուրահավատություն է լայն հանրության կողմից, որ անընդհատ խոսվում է միայն Արցախի մասին։ Մենք պետք է հստակեցնենք՝ Ադրբեջանի համար 2018 թվականից պարզ էր, որ Հայաստանում իշխանության եկած վարչակազմը համաձայն է Արցախը բռնակցել Ադրբեջանին։ Դրա համար էլ նրանց իրական նպատակն այս տարիներին եղել է Հայաստանը։ Արցախը մինիմում ծրագիրն է, որ իրենց առջև դրել է թուրք-ադրբեջանական տանդեմը, այնպես որ, անշուշտ, խնդիրը Հայաստանն է։
Ադրբեջանը Հայաստանը տեսնում է այնպես, ինչպես նկարել է 1919 թվականի քարտեզի վրա։ Այդ քարտեզի վրա Ադրբեջանը Բաթումից Բաքու է, իսկ Հայաստանը՝ եռանկյունու տեսքով՝ Սևանից դեպի Երևան։ Այսօր իրենք իրականացնում են այդ ծրագիրը։
-Տիկի՛ն Ալավերդյան, տելեգրամյան բազմաթիվ ալիքներ գրում են, որ ծրագիր կա Սյունիք մինչև 65 հազար ադրբեջանցիներ բերել, նրանց շահերը ներկայացնող գերատեսչություն հիմնել։ Սա իրականության հետ որքա՞ն կապ ունի, արդյոք նման զարգացումների համար իրավական հիմքեր կան։
– Դա այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից «փեշքեշ» է իր գործընկեր Ալիևին, որովհետև որևէ հիմք չկա Սյունիք ադրբեջանցիներ բերելու։ Եթե ցանկանան, կգտնեն բոլոր փաստաթղթերը, որոնցով ապացուցվում են, որ Սյունիքի 95 տոկոս ադրբեջանցիները իրենց բնակարանները փոխանակել են մինչև անգամ Բաքվում ապրող հայերի բնակարանների հետ՝ որոշները ոչ թե մեկ, այլ ընդհուպ՝ երկու-երեք անգամ։ Այնպես որ, սա ամբողջովին անհիմն խոսակցություն է, իրավական դաշտից դուրս հորինվածք։ Ադրբեջանցիները Հայաստանում չեն ունեցել որևէ կարգավիճակ՝ բացի ազգային փոքրամասնությունից։ Որպես ազգային փոքրամասնություն՝ նրանք Սյունիքը լքել են լացելով, հուշաքարերը համբուրելով, որովհետև նրանց համար կյանքի և կեցության նույն պայմաններն Ադրբեջանում չեն ստեղծվել։
Սյունիքի մարզի՝ այն ժամանակվա Աղուդի գյուղի գյուղսովետի նախագահին հարցրեցի՝ ինչու եք լքում ձեր տները, թե դրանք ձեր համար այդքան թանկ են։ Նա ասաց, որ իրենց հրահանգել են և ցույց տվեց Ադրբեջանի կողմը, այնպես որ այդ խաղերը թող իրենց պահեն։