ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կարելի է ավելի շատ ընկալել որպես օգնության ճիչ, միաժամանակ՝ նաև իրատեսական գնահատական, որովհետև այն փաստերը, որ նամակում ներկայացրել է Սերժ Սարգսյանը, լիովին համապատասխանում են իրականությանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով, սակայն, նմանօրինակ հորդոր-խնդրանքները դժվար թե ազդեն միջազգային խաղացողների հետագա որոշումների և դրանցից բխող գործողությունների վրա։
«Չեմ կարծում, որ նման նամակներն ազդեն պետությունների ղեկավարների դիրքորոշումների և գերծելաոճի վրա։
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ երեք երկրների նախագահներին ուղղված նամակը նաև ներքաղաքական նպատակներ է հետապնդում։ Սա նույնպես հասկանալի և բնական է, որովհետև, եթե ՀՀ երրորդ նախագահն Արցախի ապաշրջափակման համար կարող է ինչ-որ բան անել, ապա կարող է անել միայն տեսական մակարդակով։ Իսկ որևէ քայլ անելուց առաջ պետք է քաղաքական ուժը պետք է իշխանություն ունենա։ Այդ է պատճառը, որ կարծում եմ՝ այս կոչ-նամակը կարող է ունենալ զուտ քարզչական նշանակություն, բայց ոչ՝ առարկայական հետևանքներ, որովհետև միջազգային հանրության ներկայացուցիչներն առաջին հերթին հարաբերվում են տվյալ երկրի իշխանությունների հետ»,- իր տեսակետը հիմնավորեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին բաց նամակով դիմել էր ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներին՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ կանգնեցնելու Արցախում հումանիտար աղետը և ջանքեր ներդնել՝ ստիպելու Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։
«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:
Վաղը կարող է ուշ լինել»,- երեք երկրների նախագահներին հասցեագրված նամակում գրել էր Սերժ Սարգսյանը։