Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին հատկացվելիք 10 միլիոն եվրո աջակցությունը ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլև համերաշխության ու տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական նշանակության ճանաչման վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հստակ ազդանշան:
Պատգամավորն այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց՝ անդրադառնալով Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու՝ ԵՄ խորհրդի որոշմանը։
Ջոն Ինյարիտույի կարծիքով՝ Հայաստանին հատկացվող այդ գումարը ռազմավարական ներդրում է խաղաղության և անվտանգության գործում։ Նրա դիտարկմամբ՝ այդ ֆինանսավորումը կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը, կբարելավի քաղաքացիական պաշտպանությունը և կնպաստի տարածաշրջանային կայունությանը` մարմնավորելով համերաշխության և համագործակցության սկզբունքները, որոնք սահմանում են ԵՄ-Հայաստան հարաբերությունները:
«Սա ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլև համերաշխության ու տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական նշանակության ճանաչման հայտարարություն: ԵՄ-ի որոշումը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հստակ ազդանշան է», – ասաց պատգամավորը՝ նկատելով, որ Երևանին տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը կբարելավի քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, ինչը նշանակում է ավելի լավ պատրաստվածություն և ավելի արագ արձագանքման կարողություններ բնական աղետների, զինված հակամարտությունների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի քաղաքացիների կյանքի և բարեկեցության պահպանման առումով:
Ինյարիտուն համոզմունք հայտնեց, որ ավելի ուժեղ, ավելի կարող Հայաստանը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր կայունությանը։
«Հուսանք, որ սա կլինի ոչ թե միանվագ հատկացում, այլ ժողովրդավարական երկրների կողմից Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու կայուն աջակցության ջանքերի մաս:
Ալիևի վարչակարգի վերջին պատերազմական հռետորաբանությունն՝ ի պատասխան այս հատկացմանը և Միացյալ Նահանգների ու Հայաստանի համատեղ զորավարժություններին, ընդգծում է շարունակվող սպառնալիքը», – իր խոսքում նշեց Ջոն Ինյարիտուն՝ ընդգծելով, որ շարունակական միջազգային աջակցությունը վճռորոշ է Հայաստանի անվտանգության և կայունության ապահովման համար: