Մեր թշնամիների անունները տալով՝ ամեն ինչ պարզ է դառնում. Թուրքիան և Ադրբեջանը մշտապես ցանկացել են այս տարածաշրջանից ջնջել Հայաստանն ու Արցախը, և 2018 թվականի իշխանազավթմամբ նրանց տրվել է այդ հնարավորությունը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի կողմից կրակոցների արդյունքում Արցախում 4 զինծառայողի զոհվելու փաստին։
«2018-ի ծրագիրը, բնականաբար, պետք է մարդասիրական քողով փաթեթավորվեր, որպեսզի աշխարհում ժողովրդավարության, այլ կեղծ թեզերի փլուզում տեղի չունենար։ Մարդասիրության և դեմոկրատիայի անվան տակ սպանում, կոտորում են իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչներին։
Միգուցե մենք սա այսքան ծանր չընդունեինք, եթե գլխավոր դերակատարությունը ՀՀ իշխանություններինը չլիներ։ Խաղաղության օրակարգը, որի մասին նրանք խոսում են, չկա։ Նրանք խեղաթյուրեցին անգամ «խաղաղություն» բառի իմաստը։ Սա ոչ թե խաղաղության, այլ մահվան օրակարգ է, սպանության օրակարգ է, պատերազմի օրակարգ է, և այդ կեղծ օրակարգով ՀՀ իշխանությունները գրում են Արցախի մահախոսականը, ինչու ոչ՝ նաև Հայաստանինը»,- ասաց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ խաղաղության օրակարգի այլընտրանքը «խաղաղության» մասին փաստաթուղթը չստորագրելն է, որովհետև այն վերացնելու է թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։
«Նույնիսկ այս 7 ամիսների մեր շրջափակումը ևս պատերազմ է, որի ընթացքում ակտիվ քննարկվում է խաղաղության կեղծ օրակարգը։ Հումանիտար խնդիրների արդյունքում մարդիկ մահանում են, որովհետև զրկված են տարրական առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։
Երբ 2022-ի դեկտեմբերին պետք է արտգործնախարարների եռակողմ հանդիպում տեղի ունենար, Արարատ Միրզոյանը չգնաց՝ պատճառաբանելով Արցախի շրջափակումը՝ իբր իրենք հումանիտար խնդիրներով են զբաղված։ Դա այն ընձեռված հնարավորությունն էր, ոը Հայաստանը պետք է օգտագործեր, այդ հարթակում պահանջներ ներկայացներ, ինչը չարվեց։
Իսկ հիմա, երբ Արցախում պարենի առումով անկառավարելի վիճակ է, խանութներում առաջին անհրաժեշտության որևէ ապրանք չկա, և Արցախն իրական սովի առջև է կանգնած, նույն Արարատ Միրզոյանը գնում է Վաշինգտոն՝ եռակողմ ձևաչափով «խաղաղության» շուրջ քննարկումների»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ բանակցություններին զուգահեռ՝ հայկական կողմը միշտ զոհեր է ունենում։
Արցախցի պատգամավորն ընդգծեց՝ Արցախում շատ ծանր հոգեբանական իրավիճակ է, որովհետև արցախցին այլևս չի կարող դիմանալ զոհեր ունենալու ցավին։
«Այս պահին ուղղակի 4 ընտանիք չկա Արցախում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։