Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահեցնում է՝ ինտենսիվ աշխատանք է ընթանում թե՛ երկրի ղեկավարության, թե՛ զորախմբի հրամանատարության մակարդակով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. դեսպանն աասել է Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում:
Նա նշել է, որ աշխատանքը շատ բարդ է, այն բախվում է բազմաթիվ գործոնների։ Պետք է գտնել այնպիսի հանգուցալուծում, որը, Կոպիրկինի խոսքով, կապահովի այն խնդրի լուծումը, որի մասին ի սկզբանե պաշտոնապես հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարությունը՝ ասելով, որ միջանցքը պետք է ամբողջովին բաց լինի։
«Աշխատանք է տարվում բոլոր կողմերի հետ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իրավիճակին։ Միաժամանակ զորակազմը շարունակում է իրականացնել այն գործառույթները, որոնք իրեն վերապահված են։ Խնդիրը կապված է մի շարք հարցերի հետ, ներառյալ կողմերի կողմից եռակողմ հայտարարություններում (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների) ամրագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը»,-նշել է նա։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշման մասին՝ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է առաջին հերթին այն պոստուլատի վրա, որ պայմանավորվածությունների ձեռքբերումն առաջին հերթին հենց կողմերի գործն է:
Հարցին՝ Ռուսաստանը որևէ մեկին որևէ բան չի՞ ստիպի, դեսպանը պատասխանել է. «Հենց այդպես է, և այդ մասին մեր նախագահն ասել է Սոչիի հանդիպման արդյունքներով, որքան հիշում եմ։ Մենք կարգավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտել ենք, և նախագահն այդ մասին խոսել է, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերին։ Սա այն հարցն է, որը պետք է երկու կողմերը լուծեն։ Ռուսաստանում ուշադրություն են դարձրել Պրահայի հայտարարությանը, որտեղ հղում կար նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչող Ալմա Աթայի հռչակագրին։
Ռուսաստանում դա ընկալեցին որպես հայկական կողմից որոշակի տեղաշարժ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դիրքորոշումներում։ Այդ թեմայով մեկնաբանություններ է տվել Սերգեյ Լավրովը։ Ես հիմա չէի ցանկանա խորանալ այդ իրավաբանական, իրավական մանրամասների մեջ։ Բայց, բնականաբար, Ռուսաստանը ելնում է նրանից, թե ինչպես են կողմերը տեսնում իրենց համար ընդունելի տարբերակները»։
Նա վերահաստատել է, որ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել, որպեսզի այդ պայմանավորվածությունը ձեռք բերվի։
«Միաժամանակ Ռուսաստանի համար մեկ չէ, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղի հետ, և թե ինչպես կդասավորվի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ հայ բնակչությունն իրեն հարմարավետ և ապահով զգա այնտեղ։ Ի վերջո, հենց դա է նաև խաղաղապահ զորախմբի հիմնական նպատակը։ Ես համոզված եմ, որ խաղաղությունը կարող է ամուր լինել միայն այն դեպքում, երբ հակամարտող կողմերը խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած բանաձևն ընկալում են որպես արդարացի բանաձև»,-ասել է դեսպանը։