Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը. հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նշվում է, որ պաշտոնական Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված  կարևոր քայլին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ համաձայնագրերում։

«Մենք նպատակ ունենք համապարփակ աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև մնացած հարցերի լուծմանը՝ ներառյալ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ հարցերը, ինչպիսիք են տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, ընդհանուր սահմանի սահմանազատումը և հումանիտար հարցերի լուծումը գործընկերների համար ընդունելի սահմաններում և ձևով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև շփումների համար՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։