ՀՀ արտգործնախարարության և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարությունները, որ Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագրի ուղղությամբ «զգալի առաջընթաց» են գրանցել, դիվանագիտական լեզվով նշանակում են, որ ոչ մի առաջընթաց չկա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։
«Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ եմ ակնկալում վերջին օրերին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներից, ասում եմ՝ ոչ մի բան, որովհետև մեր թշնամին հասել է իր երազանքին։ Նա Վաշինգտոն չէր գնացել՝ ինչ-որ բանի հասնելու. գնացել էր հասկանալու, թե հայկական կողմն է՞լ ինչ զիջումների է պատրաստ, որպեսզի դրանից հետո ավելացնի պահանջները։ Հենց դա էլ ԱՄՆ-ում տեղի ունեցավ»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերլուծաբանը հիշեցրեց՝ ՀՀ իշխանություններն իրենք են անընդհատ ասում, որ չկա երաշխավոր, սակայն իրենց նպատակն այնպիսի փաստաթուղթ ստորագրելն է, որտեղ կլինեն երաշխիքային մեխանիզմներ։
«Վաշինգտոնյան հանդիպումը նախաձեռնվել էր ԱՄՆ շահերի հետապնդման նպատակով. կողմերին տարել էին այնտեղ, նրանք էլ ինչ-որ բաներ են խոսել. այնպես որ կարելի էր կռահել՝ Բլինքենի մասնակցությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումն անարդյունք է լինելու։
Թշնամին ասել է՝ Սյունիքն էլ պետք է տաս, Սևանն էլ, Երևանն էլ։ Դրանից հետո էլ ի՞նչ են բանակցում։
Ես չգիտեմ՝ հայկական կողմն ի՞նչ նպաակ էր դրել, որ վաշինգտոնյան հանդիպումը համարում է «առաջընթաց»։ Երբ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի՝ միմյանց հետ խոսելու մեխանիզմների մասին, դրա մասո՞վ կա առաջընթաց, թե մտածում են, որ կարմիր գիծ հայտարարված 29 800 ք/կմ մասով կա առաջընթաց։ Ադրբեջանն ասել է, որ դո՞ւրս է գալու ՀՀ տարածքներից, թե հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» չի կառուցելու, թե Լաչինի միջանցքից է հրաժարվելու։
Ուրեմն, հայկական կողմն ի՞նչ նպատակ է դրել, որ դեռ մի բան էլ «առաջընթաց» է ֆիքսել։ Գուցե իրական նպատակն այն էր, որ կողմերը կարող էին ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր բանակցել»,- ամփոփեց Թևան Պողոսյանը։