Այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրում լինի միայն Քաշաթաղի միջանցքով։ Եթե չեմ սխալվում, փոխադրումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե Ադրբեջանի ԱԻՆ-ն իբր Աղդամով տարբեր պարենային ապրանքներով ու հիգիենայի պարագաներով 20 տոննայանոց երկու բեռնատար և 2 ավտոմեքենա հաց է ուղարկել Արցախ։
Նրա խոսքով՝ քիչ առաջ ԱԺ-ում քննարկում է տեղի ունեցել։ Պայմանավորվածություն է եղել դեռևս նման հարցեր չքննարկել, որովհետև նախ պետք է ժողովրդին խաղաղեցնել, ադրբեջանական զորքերի հետքաշման հասնել։
«Երեկ Եվլախում այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի արդյունքում մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները։ Մնացածը հետոյի բանակցության հարց է։
Ես հիմա չեմ կարող բացառել, որ այս պահին մեկ այլ գործընթաց ևս տեղի է ունենում, որից մենք տեղյակ չենք։ Ամեն դեպքում, Եվլախում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մյուս ճանապարհով ադրբեջանական բեռների տեղափոխման մասին խոսք ընդհանրապես չի եղել։ Այլ հարցեր չեն քննարկվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախցի պատգամավորը շեշտեց՝ անհնար է պատկերացնել, թե այս պահին ինչ է տեղի ունենում Ստեփանակերտում, ինչ խառնաշփոթ վիճակ է ռուս խաղաղապահների տեղակայման վայրում։
«Խուճապային վիճակ է Ստեփանակերտի արվարձաններում, որտեղից մարդիկ հրաժարվում են վերադառնալ իրենց տներ։ Պայմանավորվածությունն այսպիսին է եղել, որ մարդիկ պետք է վստահ լինեն՝ իրենց անվտանգային խնդիրները լուծված են։ Որևէ Այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Վերջում արցախցի պատագամավորը նշեց, որ այս պահին Ստեփանակերտում գործում են մարդկանց սնունդով ապահովող ճաշարաններ։
«Ես, իմ խմբակցության ղեկավարը և էլի ուրիշ պատգամավորներ շրջում ենք Ստեփանակերտի փողոցներով և նկուղներով, խոսում մարդկանց հետ, որպեսզի ճշտենք, թե որ բնակավայրերից են և ուղղորդենք ժամանակավոր կացարաններ։ Մեծ մասին տեղավորել ենք, բայց այլևս այդպիսի հյուրանոցային հնարավորություններ չունենք։ Տեղեր ենք պատրաստել, որտեղ մարդիկ կարող են ժամանակավոր ապաստանել, օրվա ընթացքում գոնե մեկ անգամ սնվել։ Ամեն ինչ անում ենք՝ այս քաոսային իրավիճակը քիչ թե շատ կառավարելի դարձնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։