Հայաստանի և Միացյալ Նահանգների՝ ռազմավարական գործընկերներ դառնալու առաջարկի ֆոնին ամենևին զարմանալի չէ, որ ՀՀ ՊՆ-ում այսուհետ ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Բնական է, որ միմյանց հետ աշխատելու պարագայում պետք է շատ գերատեսչությունների դռներ բացվեն, շատ փաստաթղթեր՝ գաղտնազերծվեն։ Սակայն իրավիճակն առավել զգայուն և լուրջ է դառնում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և ռազմական ոլորտում ՌԴ-ի հետ ունի համագործակցության բավականին լուրջ փաթեթ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյայի հավաստիացմանը, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի ։
«Պարզապես այս պարագայում տարակուսելի է, թե ինչպես կարող են երկու՝ մեղմ ասած հակառակորդ պաշտպանական համակարգեր իրար հետ համադրվել։ Փաստացի գործ ունենք գաղտնիքների հետ, իսկ Ռուսաստանը չէ ցանկանար, որ դրանք հասանելի լինեին ամերիկացիներին։
Հայաստանում, ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս, ամեն ինչ «բարդակի» մակարդակի է, այսինքն՝ անհամատեղելին ինչ-որ ձևով կարող է համադրվել։ Որովհետև, կրկնում եմ, չես կարող լինել ՀԱՊԿ անդամ, և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քեզ մոտ «զոն նայողի» կարգավիճակում լինի։
Իհարկե, կարելի է ենթադրել, որ ամերիկացի պաշտոնյան կարող է լինել ԱՄՆ ռազմական հետախուզության ստորաբաժանումներից։ Ենթադրում եմ, որ խոսքը հենց այդ մասին է»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ ամերիկյան կողմին ավելի շատ հետաքրքրում են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համատեղ գործընթացները, փաստաթղթերը և այլն։
«Ավելի հետաքրքիր է, թե այս ամենին ինչպես է վերաբերում Ռուսաստանը։ Հայտնի է, որ ՀՀ արատքին քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և այն իրավիճակային բնույթ է կրում։ Նոնսենս է, որ դեռևս լինելով ՀԱՊԿ-ի անդամ, հայ-ռուսական համապարփակ համաձայնագրի կողմերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Թվում է՝ այս ամենն անհամատեղելի է, և այստեղ այժմ ավելի շատ ՌԴ-ի խնդիրն է։
Թեպետ սա նոր թեմա չէ. 2018 թվականից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն իր գործառույթների բերումով հասանելիություն ունի պետական գաղտնիքների, ՌԴ-ին առնչվող որոշ փաստաթղթերի։ Նա մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել, և եթե դա Ռուսաստանի կողմից հանգիստ է դիտարկվում, ապա ինչո՞ւ պետք է ՀՀ ՊՆ-ում ամերիկացի ներկայացուցչի գործունեությունն անհանգստացնի Մոսկվային։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի շատ Արևմուտքի ազդեցության գործակալ է։ Կրկնում եմ՝ եթե նա կարող է այս կամ այն չափով հասանելիություն ունենալ ինֆորմացիայի, որը ցանկալի չէ, որ Արևմուտքն իմանա, ապա ինչո՞ւ ԱՄՆ ներկայացուցիչն ուղղակիորեն չի կարող իր աշխատասենյակն ունենալ ՊՆ-ում»,- հարց հնչեցրեց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ ՌԴ-ն վերջին տարիներին բավականին լավ է մարսում ՀՀ գործող իշխանությունների վարքագիծը. ավելին Մոսկվան շատ դեպքերում օգտվում է այդ վարքագծից՝ լեգիտիմացնելով իր իսկ անգործությունը։