Օրենքի պահանջն իրագործվելու է. ԱԺ արտահերթ նիստը հրավիրվելու է, սակայն քվորում չի լինելու, ինչը և սպասելի է. «Քաղաքացիական պայմանագիրն», իհարկե, չի գնալու Սրբազան շարժման առաջարկած օրակարգով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ այսօր երեկոյան Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կայանալիք հերթական հավաքին՝ մեր զրուցակիցը նշեց.
«Սպասելի է, որ նորից մարդիկ հավաքվելու են նույն տեղում, որտեղ հավաքվել էին անցած անգամ։ Հերթական անգամ լինելու են կոչեր, մեղադրանքներ, լինելու է այն, ինչ եղել է վերջին մեկուկես ամսվա ընթացքում։
Որևէ նոր բան չի լինելու։ Հնարավոր է նաև սադրանքների փորձ լինի։ Բայց ես չեմ սպասում, որ այսօրվա հավաքը լինելու է այն մասշտաբներով, ինչ հունիսի 12-ին։ Իհարկե, չի բացառվում, որ թեթև հրմշտոց և բախումներ տեղի ունենան։ Այսինքն՝ այս գործընթացից որևէ նոր բան ես չեմ ակնկալում՝ մանավանդ այսօր»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Անդրադառնալով շարժման առաջին իսկ օրվանից Բագրատ սրբազանի և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ եղած, սակայն վերջին օրերին անսպասելի կերպով անհետացած Սուրեն Պետրոսյանին՝ քաղաքագետը կեսկատակ նշեց՝ չի կարող ասել, թե նա ուր է կորել։
«Հուսով եմ՝ Սուրենի մոտ ամեն ինչ լավ է, որովհետև նա բավականին ողջամիտ երիտասարդ է։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է, և Սուրենը չի տուժել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ իրենց խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։
«ՔՊ-ն արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին»,-ասել էր նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր հերթին հիշեցրել էր, որ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, մեծ հավաք է տեղի ունենալու Բաղրամյան պողոտայում։
«Անկախ ամենից՝ շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման՝ այն է, այս մարդու հեռացումն ու ճշմարտության հաղթանակը»,- ընդգծել էր։
Ինչ վերաբերում է շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ապա հունիսի 12-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի էր դարձել, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Ըստ ականատեսների՝ քաղաքացիական հագուստներով անձինք առևանգել են վերջինիս։
Սուրեն Պետրոսյանի կուսակից Հասմիկ Գաբրիելյանն ավելի ուշ Tert.am-ին հայտնել էր, որ վերջինս Հայաստանում չէ և Հայաստան կվերադառնա վաղը՝ հունիսի 18-ին։ Ճշտող հարցին՝ ե՞րբ և ո՞ր երկիր է գնացել, Գաբրիելյանը չէր պատասխանել՝ նշելով, թե չի կարող ասել։