Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե ամբողջությամբ սպառված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Ռազմական գործողությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է»,- ռուս նախարարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Շոյգուն նշել է, որ Կիևին աջակցելու կարգախոսի տակ ԱՄՆ-ը մաքրում է աշխարհի տարբեր տարածաշրջանների գործընկերներից ռազմական զինանոցները՝ դրա դիմաց խոստանալով արևմտյան արտադրության տեխնիկայի արտոնյալ մատակարարումներ։ «Փաստորեն, կա ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի շուկայի մաքրում։ Սակայն գործընկերները ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել ԱՄՆ-ին՝ նոր սպառազինությունների համար և համաձայնել սահմանափակել ինքնիշխանությունն անվտանգության ոլորտում»,- ընդգծել է Շոյգուն։
Նա նաև մատնանշել է Արևմուտքի դերն Ուկրաինայի մարտերում։ «Այսօր Ռուսաստանին հակադրվում են ոչ թե Ուկրաինայի զինված ուժերը, այլ ամբողջ հավաքական Արևմուտքը, որին վերջերս են միացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանձին պետություններ»,- նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ օտարերկրյա խորհրդականներն «ուկրաինացի զինվորներին օգտագործում են որպես կենդանի ուժ՝ մշակելու արևմտյան զենքի կիրառմամբ մարտեր վարելու տարբեր տարբերակներ»։