Արցախում երեկվա շարժում կոչվածը միտված է ոչ այդքան Լաչինի միջանցքի բացմանը, որքան քարոզչական դաշտում ռուսական խաղաղապահների դեմ ակցիա է՝ իբրև վերջիններս չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Խնդիրն Արցախից ռուս խաղաղպահներին դուրս դնելն է, բայց եթե այս պահին նման պահանջ դրվի, շարքային քաղաքացիների մոտ հարց կառաջանա՝ ո՞վ է ռուս խաղաղապահներին փոխարինելու։ Այսպիսիով՝ իրականացվում են ռուս խաղաղապահների դեմ ուղղված քայլեր, բայց երբ որոշ շրջանակներ հայտարարում են, որ նրանք չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները, նրանք ստում են։ Ռուսներն իրականացնում են այն գործառույթները, որոնք իրենց օրենքով վերապահված են և մի բան էլ ավելի։
Բացի այդ՝ զուգահեռաբար փորձ է արվում ՄԱԿ-ի մանդատի ներքո Արցախ խաղաղապահներ բերել, բայց ես ասել եմ, որ ցանկացած այլ մանդատով խաղաղապահ ՆԱՏՕ-ի ստորաբաժանում է լինելու։ ՆԱՏՕ-ն ուժային ներգրավվածություն է ուզում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց ռազմական փորձագետը։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ երբ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ հայտարարում էր, որ հուլիսի 14-15-ին Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով եռակողմ հանդիպում է լինելու, նա այսպիսի տեղեկություն կարող էր ստանալ մեկ աղբյուրից ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից։ Վերջինս իր հերթին նման տեղեկատվություն կարող էր ստանալ Նիկոլ Փաշինյանից, նա էլ՝ վերջերս ԱՄՆ-ում եղած ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանից։
«Ըստ էության՝ Գրիգորյանն իր ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Չեմ բացառում, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ներկայացուցիչը, և որոշվել է հրատապության կարգով եռակողմ հանդիպում կազմակերպել։ Հրատապությունն այն է, որ, ինչպես ասում են, այդ ամենը պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի քավորությամբ, որպեսզի Հայաստանում լրջագույն շահեր ունեցող այլ երկրներ չկարողանան իրենց լծակներն օգտագործել՝ ձախողելու ՌԴ-ի և Իրանի շահերին հարվածող կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերադառանալով «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» բողոքի ակցիային, որի մասնակիցները երեկ քայլերթով շարժվել էին Լաչինի փակ միջանցք՝ պահանջելով բացել այն, Հայկ Նահապետյանը շեշտեց՝ կարևոր է, թե ով է պրոցեսն առաջ տանում։
«Շարժումն իրենով պրոցես է, որն ունի երևացող և չերևացող կառավարիչներ։ 88-ին այդ կառավարիչները, գոնե ինձ համար, տեսանելի էին։ Իսկ ովքե՞ր են հիմա նրանք Արցախում. Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը և Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը՝ բազմակի օգտագործման քաղաքական թաշկինակներ։
Ո՞ւր էին նրանք պատերազմի ժամանակ, ի՞նչ ծառայություններ են մատուցել Արցախին և որքանո՞վ են կառավարելի այլոց կողմից։ Էլ չեմ ասում, որ իրենց կապերով և համատեղ գործունեությամբ նրանք ասոցացվում են Արցախի նախկին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ՝ մարդ, ում մուտքը ՌԴ արգելված էր»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։