Նախ՝ բոլոր պայմանավորվածությունները հայելային տրամաբանության մեջ են քննարկվում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» կառավարումն այլ երկրի կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, և հարցին՝ արդյոք դա չի վնասում ՀՀ սուբյեկտայնությանը:
«Երկրորդը՝ նման փորձ՝ հանձնելու որևէ այլ կազմակերպության, կա և գոյություն ունի, և եթե նման բան տեղի ունենա, դա տեղի է ունենալու ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Եթե նման բան տեղի ունենա՝ կարծում եմ՝ տրամաբանական է, ելնելով այն բանից, որ նոր է, մի քանի տարի է՝ ինչ ավարտվել է այս հակամարտությունը՝ տաք առումով, և բնական է՝ շատ ավելի կոմֆորտ կլինի, որ անցնելիս, եթե զննում է տեղի ունենում, լինի ինչ-որ միջնորդ:
Եթե դա արվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, եթե դա արվում է ՀՀ դրոշի ներքո և ՀՀ օրենքներով, ի՞նչ ինքնիշխանության զիջման մասին է խոսքը:
Օրինակ, տասնամյակներ շարունակ մեր օդանավակայանում ռուս սահմանապահներն էին կանգնած: Հիմա էլ Թուրքիայի և Իրանի սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած, և այս առումով մենք նույնպես մտածելու բան ունենք: Դա ուղղակի կարծիք է, դա ուղղակի առաջարկ է, որը քննարկման փուլում է»,- նշեց ԱԺ նախագահը: