«Ինձ համար հասկանալի չէ, թե Հայաստանի սահմաններին երկու տարում ինչու լուրջ բնագիծ չի կառուցվել, միայն երկու երեք հենակետ նորմալ կահավորել են՝ նկարելու եւ ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում է»,- ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա դիտարկումը վերաբերում էր այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե Հայաստանը չի կարողանում զենք գնել՝ նշելով ֆինանսական, քաղաքական ու տրանսպորտային խնդիրները։ Մեկն ուզում է մեզ զենք վաճառել, բայց զենք չունի, մյուսից չենք կարող զենք գնել, որովհետև, թերևս Ադրբեջանը չի թողնում։
«Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր, հայտարարել ենք, որ փող ունենք։ Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, մենք զենք առնում էին թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից, թե՛ Չինաստանից եւ այլ տեղերից, սա խնդիր չէ։ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ շատ է ուժեղացել, այլ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։ Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը։ Ասում են՝ փող ունենք, իսկ ինչու՞ չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը թշնամուն մեծ կորուստներ հասցնելու, քիչ կորուստներ տալու, ժամանակ շահելու համար է, որպեսզի ռեզերվները բերվեն»,-նկատեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ մենք 44-օրյա պատերազմից դասեր չենք քաղել։ Եթե Հայաստանի իշխանություններն առավոտից երեկո հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր են կնքելու, զենք ինչո՞ւ գնեն։