Գիտեք, Թոքաբանության ազգային կենտրոնում էլ մարդիկ են աշխատում և հիվանդանում են, և անգամ կարմրուկով: Չեմ հասկանում դեպքի նման սկանդալային երանգները, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հարցերին, թե ինչպե՞ս է Թոքաբանության ազգային կենտրոնում կարմրուկի դեպք արձանագրվել, ինչպե՞ս են երկու բուժաշխատող վարակվել, և ինչո՞ւ հանրությունն այդ մասին չի տեղեկացվել։
«Այո, 2 բուժաշխատող հիվանդացել են և բուժվել։ Այլ ԲԿ-ից էլ էլի եղել են մարդիկ, որոնք ևս հիվանդանցել են: Ի՞նչն է խնդիրը»,- իր հերթին հարց ուղղեց նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ անձնական գաղտնիք է՝ հատկապես որ բուժաշխատողներն են հիվանդացել։
«Կարող եք իրենցից հարցնել, եթե գիտեք՝ ով է հիվանդը: Ես չեմ կարող հրապարակել, թե որտեղ են հոսպիտալացվել, ինչպես են բուժվել»:
Լրագրողների հիշեցմանը, որ իր դեմ հերթական հայցն է ներկայացվել՝ այս անգամ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, ինքն ինչպե՞ս կմեկնաբանի այդ փաստը, Ավանեսյանն նշեց.
«Չեմ մեկնաբանում, մարդն օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից, դիմել է: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունի նոր տնօրեն՝ ժամանակավոր պաշտոնակատար։ Կարծում եմ՝ նա շուտով հայցը հետ կվերցնի»:
Մեկ այլ դիտարկման, որ իր դեմ դատական գործերը զարմանալիորեն շատ են, Առողջապահության նախարարը դա պայմանավորեց ոչ թե իր կողմից սխալ որոշումներով, այլ ակտիվ գործունեությամբ։