Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել Արցախում այսօր տեղի ունեցած բողոքի քայլերթի և 88 թվականի ընդվզման գործողությունների միջև, ապա կփաստենք՝ Հայաստանի ամբողջ ժողովուրդն, Արցախին զուգահեռ, այստեղ բողոքի ցույցեր էր անում, կանգնած էր արցախցու կողքին և ասում էր, որ իր նպատակն է միասնական լինել։ Այսօր այդ ամենը չենք տեսնում, և դա ամենցավալին է։ Այնպես որ, նախ պետք է սկսենք մեզնից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» բողոքի ակցիային, որի մասնակիցներն այսօր քայլերթով շարժվել են Լաչինի փակ միջանցք՝ պահանջելով բացել այն։
Նրա խոսքով՝ մինչև որոշակի պահ ՀՀ իշխանություններն ասում էին, որ Արցախի անվտանգության երաշխավորն են և Արցախը երբեք չեն ճանաչի այլ պետության կազմում, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները հետ են կանգնում այս դրույթներից։
«Մենք այսօր մեկ գործողություն ունենք անելու՝ ցանկացած նախաձեռնությունում օժանդակել և պաշտպանել Արցախին։ Բոլորս հասկանում ենք, չէ՞, որ այդ մարդիկ 200 օրից ավելի է՝ շրջափակման մեջ են, երկու տարուց ավելի՝ անորոշության մեջ, իսկ Հայաստանն այս պարագայում նրանց թողել է մենակ, և հայաստանցիներս միայն հեռուստացույցով նայում ենք, թե ինչպես են արցախահայերը սովից մահանում։
Ինչպե՞ս կարելի է այս ամենից հետո արցախահայերի ցավը չզգալ. չէ՞ որ, երբ նրանք դժվարություններ էին կրում, միշտ ասում էին՝ պատրաստ են զրկանքներ կրել հանուն այն բանի, որ Մայր Հայաստանը լավ լինի։ Իսկ Մայր Հայաստանը հիմա ի՞նչ է անում»,- հարց հնչեցրեց Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով օրեր առաջ Արցախում տեղի ունեցած ողբերգությանը, երբ երկու փոքրիկների մոր՝ սնունդ հայթայթելու նպատակով տնից բացակայելն ավարտվել էր մանկահասակ երեխաների ողբերգական մահով, Թևան Պողոսյանն ընդգծեց՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձբնաժողովը, փոխանակ այս հարցն անդադար միրջազգային ատյաններում բարձրաձայնելու, զբաղված է հանձնաժողովի ընդդիմադիր նախագահին լիազորություններից զրկելու նախագծով, ավելին ակնկալել անհնարին է։
«Հայաստանի բոլոր ինստիտուտները, պաշտոնյաներն ու չինովնիկներն այսօր պետք է իրենց ձայնը բարձրացնեին, մինչդեռ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահին են ուզում հանել։ Մեր իրական աշխատանքը թողած՝ որոշ շրջանակներ այսօր սպասարկում են թշնամու շահերը, այդ մարդկանց հետաքրքրում է իրենց պաշտոնները պահպանելը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին 3 և 6 տարեկան երեխաների մայրը Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից գնացել էր քաղաք՝ երեխաների համար սնունդ բերելու։ Արցախում վառելիք չլինելու պատճառով երիտասարդ կինը Մարտակերտ գնացել էր ոչ թե մեքենայով, այլ ոտքով։ Այդ ընթացքում երեխաները մենակ էին մնացել։ Ավելի ուշ կինը վերադարձել էր տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։
Հաջորդ օրը Մարտակերտ քաղաքի մի բնակիչ երեխաների մարմինները հայտնաբերել էր իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Ըստ տեսախցիկների ֆիքսած կադրերի՝ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել էին Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը և քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ էր հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։