Ես միշտ հոռետեսական կարծիք եմ հայտնել եվրոպական դատարանների կողմից դատական գործընթացների վերաբերյալ, մանավանդ եթե խոսքը վերաբերում է պետությունների դեմ հայցերին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու գործընթացին։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ինքը միշտ չափազանց համեստ ակնկալիքներ է ունեցել նմանօրինակ դատապրոցեսներից։
«Նույնն այժմ կկրկնեմ. բանաձևն առնվազն չի նպաստելու Բերձորի միջանցքի բացմանը։ Երեկ երկու դատավորների կողմից հնչեցին վտանգավոր ձևակերպումներ, որոնք, հուսով եմ, վճռի մեջ չեն մտնի։ Երեկվա ճառերով ոչ միայն ամբողջ մեղքը գցում էին Ռուսաստանի վրա, այլև գտնում, որ Արցախը շրջափակման մեջ չէ։ Այնտեղ կար ավելի վտանգավոր մի բան, այն է՝ Ադրբեջանի գործողությունների արդարացում»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ընդունվելիք բանաձևը, ամենայն հավանականությամբ, հեռու է լինելու իրականության արտացոլումից։
Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ իր միակ հույսն այն է, որ թե՛ վճիռը, թե՛ նախնական եզրակացությունները չեն պարունակի Ադրբեջանի գործողությունների արդարացումներ ու պաշտպանություն։
«Երեկ ելույթ ունեցած առաջին դատավորը կատարեց մեջբերումներ, որով Հայաստանն ասում է, որ կապ չունի և չպետք է զբաղվի Բերձորի միջանցքով։ Այդ դատավորը մի քանի նախադասություն բերեց՝ թե՛ ԱԺ-ի խոսնակի, թե՛ այլ պաշտոնյաների ասածներից։
Այստեղ, կարծում եմ, ինչ-որ հակասություն կա ռեալ քաղաքականության և պետության կողմից ՄԱԿ-ի դատարան ներկայացված պահանջի միջև։ Ահա այս հակասությունն է դատական գործընթացի ամենաթույլ կողմը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել էր Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։
Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ:
Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- ասել էր Կիրակոսյանը։