Azg.am-ի զրուցակիցն է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկի՛ն Հակոբյան, Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել հենց նրա վրա և ոչ՝ իշխանական խմբակցությա անդամներից որևէ մեկի։
-Գիտե՞ք, երբ երկրի նախագահի առաջարկով ԱԺ նխագահի թեկնածու ներկայացվեց Դավիթ Իշխանյանը, իհարկե, մենք ընդդիմադիր գործընկերներով հավաքվեցինք։ Գաղտնիք չէ, որ մենք երեք տարի է՝ համագործակցում ենք և նույն տեսակետներով ու տեսլականով ենք անցնում մեր ճանապարհը։ Այդ առումով մենք շատ ազատ ենք և միմյանց հետ քաղաքական խաղեր խաղալու խնդիր չունենք։
Իհարկե, առաջարկից անմիջապես հետո պարոն Իշխանյանի նախաձեռնությամբ հավաքվել ենք, քննարկել, տարբեր տեսակետներ հայտնել, նշել ենք վտանգներն ու առավելությունները՝ իհարկե վերջնական որոշումը թողնելով պարոն Իշխանյանին։
Մեր մտահոգություններից մեկն իհարկե այն էր, որ իմանալով Արայիկ Հարությունյանի մանիպուլացնող և միշտ ինչ-որ շահ փնտրող տեսակը՝ վտանգ կա։ Բայց մենք, թեկուզ թվով քիչ, բայց կարողացել ենք հետևողական լինել և որևէ անգամ չշեղվել մեր ուղուց։ Հետևաբար մենք անհանգստացնում ենք ԱՀ գործող իշխանություններին։ Այս առումով, առաջին վտանգը, որ դիտարկեցինք, ընդդիմության միջև պառակտում մտցնելու ցանկությունը կարող էր լինել։ Բայց դրա դիմաց մենք ունենք բավականին առավելություններ. այսքան ժամանակ որևէ մեկը մեր հայացքներից չի շեղվել, հետևաբար պառակտվելու խնդիր չենք ունենա։
Մենք վստահ ենք, որ պարոն Իշխանյանը չի շեղվելու ո՛չ մեր ընդհանուր պայքարից, ո՛չ էլ իր և իր կուսակցական ուղուց, հետևաբար այդ մտահոգությունը պետք է որ ուղղակի չլինի։ Մենք շատ անկեղծ ենք եղել մեր ընկերոջ հետ և ասել ենք, որևէ կերպ սահմանափակված չենք մարդկային հարաբերություններով և գնում ենք գաղափարի հետևից։
Հաշվի առնելով պարոն Իշխանյանի՝ գիտակցական ողջ կյանքն Արցախի համար պայքարելու փաստը՝ չենք կարծում, որ պառակտման վտանգ կա։ Եվ իհարկե վերջինը՝ պարոն Իշխանյանը սահմանափակված չէ որևէ բանով և ճնշումների կամ իր իրավունքների նկատմամբ ոտնձգությունների պայմաններում կարող է հանգիստ հրաժարական ներկայացնել։ Դրա մասին մենք ևս խոսել ենք։ Կարծում եմ՝ դեռ գնահատական տալու ժամանակ կունենանք։
-Ձեր կարծիքով, ամեն դեպքում, ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունն ի վերջո քաղաքական դիսկո՞ւրս է, վերադասավորո՞ւմ, թե պայմանավորվածություն։
-Իհարկե մենք առանձին խոսակցությանը, առաջարկին ներկա չենք եղել, բայց չեմ ուզում ո՛չ որևէ բան հերքել, ո՛չ էլ հաստատել։ Ես կարող եմ միայն ենթադրություններ անել այնքանով, որքանով ականատես եմ եղել, կամ մեր խոսակցությունից մեջբերումներ անել։ ՀՅԴ-ն, որի Բյուրոյի անդամ է պարոն Իշխանյանը, չի կարող Արցախում այլ, Հայաստանում այլ դասավորվածություն ենթադրել։ Նա պատասխանատու և հաշվետու է հենց իր կուսակցությանը, իսկ կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է, տվել «օրհնությունը», որ պարոն Իշխանյանն ընդունի առաջարկը։ Մենք հավատում ենք, որ նա ԱԺ նախագահ չի դարձել, որպեսզի կատարի Արայիկ Հարությունյանի ծրագիրը, այլ եկել է կատարելու Արցախի փրկության ծրագիրը։ Հուսով ենք՝ դա է իրականությունը, և որևէ առևտուր չի կարող լինել, որովհետև չեմ կարծում, որ 133 տարվա կուսակցության անդամը կարող է իր թանկ ձեռքբերումները և թանկ Հայրենիքը կասկածի տակ դնել։
-Տիկի՛ն Հակոբյան, կասկածից վեր է, որ Արցախի ԱԺ նախագահի ընտրությունն առանց Հայաստանի Հանրապետության իշխանության համաձայնության չէր կարող լինել։ Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանությունների համար անցանկալի քաղաքական ուժից ԱՀ խորհրդարանի նախագահ է ընտրվում։
-ՀՀ իշխանություններն արդեն համարում են, որ Արցախը որպես սուբյեկտ չկա՝ չկա աշխպարհի համար, չկա նաև իրենց համար։ Շատ դեպքերում մենք զգում ենք, որ կարևոր չենք ՀՀ իշխանությունների համար՝ ինչ կլինի, թող լինի։ Նախկինում, թեկուզ վատ, սակայն մեկնաբանություններ Հայաստանից լինում էին, իսկ այժմ ոչինչ չկա, որովհետև Արցախը ՀՀ իշխանությունների համար փակված թեմա է։ Հունիսի 15-ից հետո մնացել է լոկ արցախցիների ուտել-չուտելու, սովից մահանալ-չմահանալու հարցը։ ՀՀ իշխանություններն ահա այսքան իջեցրել են նշաձողը։ Իհարկե, սա շատ վիրավորական է, բայց մենք դրանից չենք դադարում պետություն լինել։
-Տիկի՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք պատկերացնում ԱԺ նորընտիր նախագահի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի փոխգործակցությունը։ Փաստացի, ՀՅԴ-ն և իշխող ուժը սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ։
-Կարծում եմ՝ դասական տարբերով հենց այսպես էլ պետք է լինի. խորհրդարանը չպետք է իշխանության կամակատարը լինի, և շատ օրինաչափ ու ճիշտ է, երբ խորհրդարանը, որպես ինքնուրույն միավոր, կարողանա իր դերկատարությունն ունենալ։ Հետևաբար կարծում եմ, որ եթե ԱՀ խորհրդարանը կարողանա դիմակայել ՀՀ և ԱՀ իշխանությունների կամակատար քաղաքականությանը, մեծ ձեռքբերում կլինի։
Խորհրդարանը չպետք է վերածվի տիկնիկային թատրոնի, որի անդամներին երկրի առաջին դեմքը կխաղացնի։ Պետք է փոխել մոդելը, որ լինի ոչ թե մեկ մարդու կառավարում, այլ խորհրդարանը կարողանա բռնել երկրի առաջին դեմքի ձեռքը, պետք եղած դեպքում՝ նաև օգնել։
-Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է, ինչն էլ հետագա քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն է ստեղծում։
-Այս ընտրության դրական կողմն այն է, որ մենք պետություն ենք և կարողացանք պետության գործառույթներից մեկը կատարել՝ ընտրել ԱԺ նոր նախագահ։ Մենք սրա մասին անընդհատ պնդում էինք, բայց իշխանությունը ինչ-որ հեքիաթներով փորձում էր թեման ցրել։ Ընտրության կարևորությունն այն էր, որ մեզ համար Արցախի սուբյեկտայնությունը զգալի բարձրացավ։ Խոսք չկա, որ ՀՀ իշխանությունների՝ վերջին ժամանակների պահվածքով Արցախի սուբյեկտայնությունն այնքան է իջել, որ արդեն փշրանքները հավաքելու հնարավորություն չունենք։
Այն հնարավորությունները, որ կարող է ունենալ Արցախը՝ ի դեմս ԱԺ-ի նոր նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԺ-ի՝ որպես առանձին միավոր հանդես գալն է, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը հակառակվելը՝ դրանով իսկ բարձրացնելով Արցախի սուբյեկտայնությունը։ Այսինքն՝ եթե կշեռքի նժարին դնենք այս ընտրության վտանգներն ու առավելությունները, իհարկե կտեսնենք առավելությունները։




