ՀՀ ղեկավարին հասկանալը շատ դժվար է. նրա գործողություններում տրամաբանական քայլեր չկան, հայտարարություններն իրարամերժ են։ Նա մի մարդ է, որը չի հասկանում՝ որ երկրում և որ տարածաշրջանում է ապրում, ինչ գործընթացներ են այստեղ գնում, ինչ վտանգներ և հնարավորություններ կան. սա բացարձակ անգրագետ մարդու քաղաքականություն է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինչպես Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայմանը։
«Բայց քանի որ այդ մարդը նման հայտարարություն է անում, երևի ինչ-որ իմաստ կամ դրդապատճառներ կան։ Կարծում եմ՝ այդ դրդապատճառները հասկանալու համար պետք է չմոռանանք՝ իրեն տարբեր ուժեր բերել են իշխանության։ Քայլերն ինչ-որ ձև նրան պարտադրվել են, շատ դեպքերում նրա մոտ կեղծ իրականության պատկեր են ստեղծել, խոստումներ տվել, և նա երկիրը բերել է այսօրվա ծանրագույն իրավիճակին»,- ասաց մեր զրուցակիցը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը փորձում է ստեղծված ծանրագույն վիճակից ելքեր գտնել, բայց ոչ թե ի շահ պետության, այլ՝ սեփական անձի և իր մերձավորների։
«Նա մտածում է, թե ինչպես է դասավորվելու իր ճակատագիրը, երբ իշխանությունից հեռանա։ Այդ վախերի մեջ ապրելով՝ նա ամեն պահի մտքին եկած քայլեր է անում. մեկ կարծում է՝ Արևմուտքն իրեն երաշխիքներ կտա, մեկ կարծում է՝ գուցե Ռուսաստանը, մեկ կարծում է, որ ինչ երաշխիքներ էլ տան՝ իրեն կարող են պատժել կամ եթե ինչ-որ երկիր գնա, այդ երկիրն իրեն կարող է հանձնել Հայաստանին։
Հոգեբանական նման ծանր վիճակում գտնվելով՝ նա մե՛կ ամեն ինչ հանձնում է, մե՛կ՝ հակառակ հայտարարություն անում։ Դրա համար էլ Փաշինյանի քայլերը հասկանալու համար նրան պետք է առանձնացնել Հայաստանից, նրա հոգեվիճակը հասկանալ։
Երևի Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը նրան երաշխիքներ են տվել, ինչ-որ բաներ պայմանավորվել, բայց նա հիմա հասկանում է, որ իրեն խաբել են, և հիմա էլ իրեն հակառակ կողմն է գցում։
Բայց սա չի նշանակում, որ Փաշինյանը ՀԱԿՊ առաքելության տեղակայման հարցում հետևողական կլինի։ Նա իրեն հետո կգցի հակառակ ուղղությամբ։ Նրան հավատալ ընդհանրապես չի կարելի։ Այդ մարդն ինքնուրույն է որոշումներ կայացնում, Հայաստանում մեկ անձի կառավարման համակարգ է, և մենք չգիտենք՝ այդ անձը վաղն ինչ է ասելու, ինչ նոր մեղավորներ է գտնելու։
Հիմա, եթե ՀԱՊԿ-ն իրոք Հայաստան գա, կպարզվի՝ մեղավորն Արևմուտքն է, աշխարհն է»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի։
«Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», – ասել էր ՀՀ վարչապետը։