Ենթադրում եմ, որ ՀԱՊԿ-ը ցանկանում է հստակություն մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում և ի վերջո հասկանալ, թե ինչ մտադրություններ ունի պաշտոնական Երևանը, որովհետև, երբ ՀՀ իշխանություններն ամենատարբեր մակարդակներով հայտարարում են, որ ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու խնդիր առայժմ չկա, «առայժմ» բառն ինքնին ենթադրում է, որ այնուամենայնիվ այդպիսի հեռանկար կա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի հիմնական նպատակը հենց որոշակիություն մտցնելն է։
«Այստեղ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից նեղացած լինելու հարցը չէ. Երևանի և ՀԱՊԿ-ի միջև կան լուրջ խնդիրներ, որոնք շատ առարկայական են։ Հարցն այսպես է դրված. կա՛մ այդ խնդիրները կարգավորվում են, կա՛մ, եթե չեն կարգավորվում, անիմաստ է դառնում Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին։
Այսինքն՝ այնպես չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է հասկանալու՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս ՀԱՊԿ կազմից, թե ոչ։ Կարծում եմ՝ այդ հանդիպման ընթացքում ավելի շատ հարցեր պետք է հայկական կողմն ունենա, որովհետև հայկական կողմն անընդհատ ինչ-որ հարցեր է բարձրաձայնում և որևէ հստակ պատասխան չի ստանում։
Եթե հաշվի առնենք նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները և դրան հաջորդած ադրբեջանական կողմի արձագանքը, որ կարելի է խաղաղության պայմանագիրը տարանջատել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացից, ապա ակնհայտ է, որ սա այն ամենակարևոր խնդիրն է, որը հազիվ թե ստացվի առանց Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի»,- ասաց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ եթե Հաաստանն այս հարցում գնա զիջման և համաձայնի խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց սահմանների հստակեցման, այդ դեպքում ՀԱՊԿ-ի դերակատարությունը Հայաստանի համար ևս մեկ աստիճանով կնվազի։
«Չեմ կարծում, որ Հայաստանը դրան կհամաձայնի, որովհետև դա կնշանակի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջնականապես՝ փաստաթղթավորված կերպով հրաժարվել Արցախից, բայց դրա դիմաց չստանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ստանալ ՀՀ կադաստրի վկայական»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան:
Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքները։
Հատկանշական է, որ Իմանգալի Տասմագամբետովի այցը կայանում է պաշտոնական Երևանի՝ տևական ժամանակ ՀԱՊԿ միջոցառումները բոյկոտելու և դրանց չմասնակցելու ֆոնին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, օրինակ, երեկ չէր մասնակցել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում անցկացվող նիստերին, ինչի մասին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին տեղեկացրել էր պաշտոնական նամակով:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել կազմակերպության գագաթնաժողովին, որը կայացել էր Մինսկում:
,