ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
Ria. Ru-ն հաղորդում է Ալեյնիկի խոսքը. «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են՝ կազմակերպության կանոններին և ընթացակարգերին համապատասխան… Որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան»։
Նա հավելել է, որ բոլոր որոշումները, որոնք այսօր կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից և վերջնական տեսքի կբերվեն Մինսկում, կփոխանցվեն հայ գործընկերներին։
«Մենք հույս ունենք, որ նրանք կմիանան այդ որոշումներին»,- հավելել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։