Քաղաքապետի պաշտոնի համը, ըստ երեւույթին, կատակերգու Հայկ Մարությանի բերանում է մնացել: Պաշտոնավարման ընթացքում բացառապես ընտրյալների հետ շփվող Մարությանը նորից է քաղաքական հայտ ներկայացրել ու որպես թեկնածու առաջադրվել «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով: Թե ինչ կապ ունեն Մարությանն ու մյուս Հայկը՝ Գրիգորյան, որ կուսակցության հիմնադիրն է, դա դեռ մի կողմ թողնենք: Այժմ ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքական ասպարեզ է փորձում գալ մեկը, որի բերանով Փաշինյանի իշխանությունը (կամ գուցե ոչ հայաստանյան արբանյակները) մեր հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանեցին: Իր հերթին նույնպես Մարությանը բաժանում արեց. իր հետ շփման իրավունք ունեցողներ ու դա չվաստակածներ: Համավարակի օրերին առհասարակ դժվար էր նրան տեսնել անգամ ի պաշտոնե ներկա գտնվել պարտադրող միջոցառումների ժամանակ. մեկուսացել էր «մի այլ կարգի»:
Պաշտոնից խայտառակ, անփառունակ ձեւով վտարվելուց հետո կատակերգուն նախկին գործին անցավ, մոնոներկայացում բեմադրեց՝ մեղադրելու համար իրեն պաշտոնանկ անողներին: Ներկայացման մեջ մի դրվագ կա, որտեղ «կարգին» նախկինը քաղաքապետարանը համեմատում է պետքարանի հետ: «Լինում է, չէ, երբ պետքարան ես մտնում, ու պարզվում է՝ էնպես է շռմնդած-գռմնդած, որ ակամա մտածում ես՝ երկու տարբերակ ունես: Կա՛մ ինքդ պետք է մաքրես նաեւ քեզանից առաջ էդտեղ եղածների արածը, որ չստացվի՝ դու ես արել, կա՛մ պետք է թողնես, դուրս գաս: Բայց էդ դեպքում մարդիկ մտածելու են, թե էդ ամբողջը դու ես շռմդնել-գռմնդել: Հիմա իմ կարգավիճակն է քաղաքապետարանում…»,- ասում է երբեմնի քաղաքապետը:
Իհարկե, թե՛ Մարությանից առաջ, թե՛ իրենից հետո բոլորն էլ աղտոտել են քաղաքապետարանը: Պարզ է սակայն, որ ինքը եւս անմասն չի մնացել այդ գործընթացից: Ավելին՝ առավել ակտիվորեն ու ջանասիրությամբ է շռմնդել-գռմնդել:
Հ.Գ. Եղբայրական խորհուրդ տանք պրն նախկին քաղաքապետին: Հաջորդ անգամ ներկայացում խաղալիս չվախենալ գոնե որոշ չափով թթու խոսք ասել Նիկոլ Փաշինյանին: Թե չէ անատամ, վախվորած ու անհասցե քննադատել կարող են բոլորը:
Սեւակ Վարդումյան