Իհարկե շատ լավ է, որ Արցախում դեպի Լաչինի փակ միջանցք քայլերթ է իրականացվում, սակայն ցավալի է, որ նման ակցիաներ քիչ են տեղի ունենում։ Արցախում ստեղծված իրավիճակում միայն մեկ գործողությամբ հնարավոր չէ խնդիր լուծել. խնդիրները լուծելու առաջին և գլխավոր գործոնը միջազգային հանրության ուշադրությունն Արցախի խնդիրների վրա անընդհատ պահելն է, շարունակվող բլոկադայի շուրջ աղմուկ բարձրացնելը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» բողոքի ակցիային, որի մասնակիցներն այսօր քայլերթով շարժվել են Լաչինի փակ միջանցք՝ պահանջելով բացել այն։
«Այս իմաստով շատ ճիշտ է գործում մասնավորապես Արցախի արտգործնախարարությունը, որը պարբերաբար կոչերով և հայտարարություններով «անհանգստացնում» է միջազգային հանրությանը։ Սա ուղղակի անհրաժեշտություն է, որովհետև բացի այն, որ Ադրբեջանից պետք է ունենալ փաստաթղթավորված պահանջներ, ինչպես օրինակ՝ Հաագայի դատարանի որոշումը, այնպես էլ պետք է բարձրաձայնել Արցախում տիրող իրավիճակի մասին»,- ասաց քաղաքագետը։
Հարցին՝ ինչո՞ւ միջազգային հանրության շրջանում պատշաճ արձագանք չգտավ արցախցի երկու փոքրիկների մահը, որոնց մայրը սնունդ հայթայթելու պատճառով իրենց գյուղից ոտքով գնացել էր Մարտակերտ, ինչին էլ հետևել էր փոքրիկների ողբերգական մահը, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց.
«Ես կողմնակից եմ, որ ցանկացած իրադարձություն՝ անկախ այն երջանկություն, թե ողբերգություն բերող է, կապիտալացվի և օգտագործվի այնպիսի հարցերում, ինչպիսին է մարդու, ամբողջ արցախահայության կյանքի իրավունքի ապահովման մեխանիզմը։
Այո՛, արցախցի փոքրիկների մահը ողբերգություն է, սակայն այդ ողբերգությունը պետք է ևս մեկ հնարավորություն դառնար, պետք էր փորձել այն ևս օգտագործել, ինչը, կարծես, բավարար ծավալով չարվեց։ Ես չեմ գտնում, որ այստեղ բարոյական նորմերի խախտում տեղի կունենար, եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները փորձեին այս դեպքով անհանգստացնել միջազգային հանրությանը։ Այսպես հայկական երկու պետությունները գոնե ինչ-որ չափով կփորձեին ցույց տալ, որ արցախցի երեխաների մահը իզուր չի անցել, և հնարավոր կլիներ ինչ-որ բան ձեռք բերել»։