ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը, որը դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին և այլ թեմաների։
-Վերջերս Հայաստանում էիք, որտեղ տարբեր հանդիպումներ ունեցաք։ Որո՞նք են քննարկված հիմնական հարցերը, ի՞նչ հետևություններ եք արել և առաջիկայում ի՞նչ սպասումներ կան։
-Այո, վերջերս Հայաստանում էի, հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ես նաև հնարավորություն ունեցա հանդիպել ուսանողների և կրտսեր դիվանագետների հետ, դասախոսություն կարդացի։ Ընդհանուր առմամբ, լավ այց էր, շատ էական։ Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը: Մենք նաև լայնորեն խոսեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին։ Մեր քաղաքականությունը շատ պարզ է. մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք մեր գործընկերների միջև կողմ չենք բռնում, քանի դեռ տեղի չի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և հիմնական տարրերի խախտում, որոնց մենք շատ կապված ենք։ Այսպիսով, ուղերձը շատ պարզ է. մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Գիտենք, որ կան բանակցային տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը։
Մեզ համար ամենակարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր կլինի Կովկասի կայունության համար։
-Անշուշտ, երբ խոսում ենք կայուն և տևական խաղաղությունից, պետք է իմանալ, որ դա Հայաստանի համար կարևոր նպատակներից մեկն է։ Բայց ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից՝ հատկապես Ադրբեջանից հնչող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունների ֆոնին, որոնք Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ են պարունակում։
-Ես ձեր իշխանություններից շատ անհանգստություն լսեցի, հատկապես նախագահ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ։ Մեզ համար, ինչպես ասացի, հարաբերությունների կարգավորումը, որը տանում է դեպի տևական խաղաղության, այսօր հիմնարար տարր է, և մենք կպայքարենք դրան համար, կաջակցենք այն ճանապարհին, որը կհանգեցնի երկու երկրների միջև նմանատիպ բան ստորագրելու: Մենք աջակցում ենք ԱՄՆ-ին, մենք աջակցում ենք Եվրամիությանը։ Ես այնտեղ էի (խմբ․ Հայաստանում) Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այնպես որ, ես հնարավորություն ունեցա նրա հետ երկար զրուցելու, մենք նաև աջակցում ենք բանակցությունների երկկողմ ձևաչափին։ Ի վերջո, երկու ազգերը պետք է որոշեն, թե ինչպես են նրանք առաջ շարժվելու, այնպես որ մենք կաջակցենք այն ամենին, ինչն ի վերջո կբերի խաղաղության: Մենք կարծում ենք, որ սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Դա այն սկզբունքներից է, որը մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները և ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Այնպես որ, ինչպես ասացի, շատ մտահոգություններ լսեցի։ Չեմ կարծում, որ հայտարարություններն օգնում են, որ գործընթացն առաջ գնա։ Մենք շարունակելու ենք նույն ուղերձը հղել գործընկերներին, նրանք պետք է հնարավորինս շուտ վերսկսեն բանակցությունները։ Իրականում, ես կցանկանայի ավելացնել, որ իմ այցը պետք է լիներ տարածաշրջանային: Մենք արդեն աշխատել էինք երկու մայրաքաղաքների հետ, որպեսզի այն տարածաշրջանային դառնա, բայց հունվարի սկզբին Ադրբեջանը որոշեց հետաձգել այցը նախագահական ընտրությունների պատճառով, ուստի ես չկարողացա փոխանցել այն մեսիջները, որոնք պատրաստվում էի փոխանցել։ Այդ ուղերձներից մեկը շատ հստակ էր՝ մենք ակնկալում ենք, որ դուք կվերսկսեք խաղաղ բանակցությունները որքան հնարավոր է շուտ:
-Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի մասին։ Ինչպես գիտեք, Հայաստանը փորձում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Ձեր կարծիքով, Թուրքիան ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Կգնա՞ Թուրքիան հարաբերությունների իրական կարգավորման, թե՞ բանակցությունները կրկին կրելու են ձևական բնույթ։
-Մեզ համար Թուրքիան շատ կարևոր դաշնակից է։ Ինչպես գիտեք, նա միակ դաշնակիցն է, որը սահմաններ ունի տարածաշրջանում և, հետևաբար, տարածաշրջանում առանցքային դերակատար է։ Մենք շատ անկեղծ զրույց ենք ունեցել Թուրքիայի հետ ամեն թեմայի շուրջ և, իհարկե, խոսում ենք նաև խաչմերուկների մասին: Թուրքիան գիտի, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է առաջընթաց գրանցել այդ հարցում։ Չգիտեմ, գուցե, նրանք իրականում նախ սպասում են ինչ-որ առաջընթացի հայ-ադրբեջանական հարաբերություններում: Դա, հավանաբար, կարող է լինել նկատառումներից մեկը, բայց ես կարծում եմ, որ նրանք իսկապես շահագրգռված են առաջ տանել հարցը: Ինչպես գիտեք, ես իսկապես չեմ կարող խորանալ մեր դաշնակիցների արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մեջ, բայց կարծում եմ, և մենք խոսել ենք այս մասին, շատ դրական զարգացում կլինի, երբ դա տեղի ունենա:
-Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորության մասին խոսեցիք։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ կերպով աջակցեց Հարավային Կովկասում տեղի ունեցած լայնամասշտաբ պատերազմին՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից։ Կառույցի արձագանքն այդքան էլ խիստ և պարտավորեցնող չէր։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ակնհայտ կերպով աջակցում է Ադրբեջանին՝ արդյոք հնարավոր համարում ե՞ք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում Թուրքիայի ուղիղ միջամտությունը, և այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը՝ հաշվի առնելով, որ այս անգամ «վիճարկելի տարածք» արդարացումը չի կարող լինել, քանի որ խոսքը միջազգայնորեն ճանաչված երկրի մասին է։
-Շատ դժվար է կանխարգելել խոսակցությունները, և, ինչպես ասացի, ես իսկապես չեմ կարող մտնել իմ դաշնակիցների արտաքին քաղաքական որոշումների մեջ: Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք շատ կապված ենք այդ երկու սկզբունքներին՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն: Մենք միշտ պարզ ենք եղել՝ մեզ համար դրանք շատ կարևոր են։ Երեք տարի առաջ իրավիճակն այլ էր։ Ինչպես ասացիք, հակասություն եղավ այն առումով, թե ինչպես եք դուք նայում տվյալ անկլավին: Եվ թեև եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում, սակայն, ինչպես ասացի, հակասություն կար։ Կարծում եմ, որ մենք հիմա այլ իրավիճակի առաջ ենք, և կարող եմ ենթադրել, որ արձագանքն այլ կլինի։
-Ի՞նչ քայլեր է պատրաստ ձեռնարկել ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին աջակցելու համար։
-Մեր քաղաքականությունը շատ պարզ է, և այդ քաղաքականությունն անկեղծորեն շատ է սահմանափակում մեր անելիքները։ Բայց քաղաքականությունը հիմնված է այն բանի վրա, որ մենք ընդհանրապես կողմ չենք բռնում գործընկերների միջև․ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ առհասարակ մենք որոշել ենք իրականացնել այդ քաղաքականությունը, եթե չկան ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Վաշինգտոնի պայմանագրում ամրագրված սկզբունքների խախտումներ։ Ուստի, այս փուլում ես վայելում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունն այն հարցում, որ պետք է աշխատենք, աջակցենք, ավելի մեր ներկայություն ունենանք։ Այս պաշտոնը ստանձնելուց ի վեր (խմբ․ 2021 թվականի սեպտեմբերից) ես յոթ անգամ այցելել եմ տարածաշրջան, հավանաբար, ավելի շատ, քան նախորդ 10 տարիներին: Այսպիսով, ես կարծում եմ, որ Կովկասի համատեքստում մենք ունենք քաղաքականապես ավելի շատ ներկայություն․ երեք երկրներ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, բայց մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում։ Եվ մենք միշտ շատ պարզ ենք եղել, թե ինչ ենք ակնկալում մեր գործընկերներից․ ակնկալել ենք հարաբերությունների կարգավորում՝ հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա, և այդ սկզբունքներից մի քանիսը սկզբունքներ են, որոնք ամրագրված են Վաշինգտոնի պայմանագրում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչպիսիք են ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք կշարունակենք պաշտպանել այդ նույն գիծը, կշարունակեք նպաստել հարաբերությունների կարգավորմանը։
-Վերադառնալով սկզբում Ձեր ասածին, որ շատ գոհ եք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններից։ Ծրագրեր կա՞ն դրանք ընդլայնելու։ Եթե այո, ապա ի՞նչ ուղղություններով:
-Այո, մենք շատ գոհ ենք։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ընդհանուր առումներով, մենք միշտ պատրաստ ենք շարժվել այն տեմպերով, որով ցանկանում են շարժվել մեր գործընկերները։ Այսպիսով, մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ գալիս է Երևանից: Երևանը, օրինակ, որոշել է ավելի քան 50-ով ավելացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) կազմում իր զինծառայողների թիվը, ինչն ակնհայտորեն քաղաքական ներգրավվածության եւ նվիրվածության նշան է: Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային է: Այսպիսով, այժմ այն, ինչ մենք ունենք առաջիկայում, անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատումն է: Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթների ընթացքում: Բայց Երևանում իմ ունեցած խոսակցություններից հետո տպավորությունս այնպիսին է, որ հայերը պատրաստ են շարունակել այդ ճանապարհը և ավելացնել համագործակցությունը, և մենք օգնելու ենք Հայաստանին դա անելու հարցում։
-ՆԱՏՕ-ն պլանավորում է անցկացնել ամենամեծ զորավարժությունները Սառը պատերազմից ի վեր: Իհարկե, կարող ենք գուշակել, թե կոնկրետ ում համար է այն, բայց, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ ի՞նչ ուղերձ է սա։
-ՆԱՏՕ-ն շատ պարզ է եղել 2022 թվականի փետրվարի պատերազմի (խմբ․ ռուս-ուկրաինական պատերազմ) սկսվելուց հետո: Մենք մեծացնում ենք պաշտպանվելու և զսպելու մեր կարողությունները: Ուղերձը շատ պարզ էր. մենք հնարավորինս աջակցելու ենք Ուկրաինային և, միևնույն ժամանակ, մենք թույլ չենք տա մեր տարածքի որևէ խախտում։ Դրա համար մենք բազմաթիվ որոշումներ ենք ընդունել՝ Մադրիդի գագաթնաժողովից մինչև Վիլնյուսի գագաթնաժողով։ Հիմա այս մեծ զորավարժություններն (խմբ․ խոսքը Steadfast Defender զորավարժությունների մասին է, որն անցկացվելու փետրվարին, և որին մասնակցելու է շուրջ 90 հազար զինծառայող) անցկացնելու որոշումը մեծապես կապված է զսպելու մեր կարողության հետ, և ուղերձը պարզ է: Մենք ցանկանում ենք զսպել, մասնավորապես Ռուսաստանին, որին մենք գնահատում ենք որպես սպառնալիք։ Նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա։ Եվ նրանք պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը։
-Ո՞րն է հատկապես Թուրքիայի դերն այս ուղերձում: Որովհետև Թուրքիան նաև փորձում է ինչ-որ կերպ միջնորդ կամ օժանդակող լինել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիր, որը կարող է խոսել երկու կողմերի հետ։
-Թուրքիան ունի շատ կոնկրետ տարածաշրջանային և աշխարհագրական դիրք, և այդ իսկ պատճառով նրանց արտաքին քաղաքականությունը, որի մասին ինձ իսկապես թույլ չի տրվում խոսել, հավանաբար, ավելի բարդ է, քան մյուս դաշնակիցներինը, բայց նրանք բացարձակապես հավատարիմ են պաշտպանության և զսպման մեր ջանքերին: Նրանք լիովին հավատարիմ են մեր գնահատականին, թե որոնք են մեր երկու սպառնալիքները․ խոսքը Ռուսաստանի և ահաբեկչության մասին է։ Նրանք մեր կողմից իրականացվող ջանքերում ներդնում են նույնքան, որքան ցանկացած այլ դաշնակից։ Նրանք մաս կկազմեն այդ մեծ զորավարժություններին, ինչպես մասնակցել են բոլոր մեծ զորավարժություններին, որոնք մենք ունեցել ենք անցյալում: