Շարժման արդյունքների մասին վաղ է խոսել, որովհետև այն հարափոփոխ գործընթաց է, կախված չէ կոնկրետ մեկ կողմից. կախված է քաղաքական դաշտի գործոններից՝ և՛ իշխանամետ, և՛ հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական սուբյեկտներից, ինչպես նաև շարժման լիդերների հետագա գործողություններից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Այս պահին որոշակի խնդրահարույց պահեր կան՝ կախված, մասնավորապես, շարժման մարտավարությունից, վարչապետիւ թեկնածու առաջադրել-չառաջադրելուց։ Մինչ այն պահը, երբ կարծարծվեր թեկնածուի անունը, կարծես թե այդ խնդիրը չկար, և հասարակությունն այդ հարցը նույնիսկ չէր քննարկում։ Խոսքը հատկապես այն մարդկանց մասին է, ովքեր, Բագրատ սրբազանին վստահելով, դուրս էին եկել փողոց։
Բայց այն պահին, երբ սկսեց այս խնդիրը քննարկվել (խոսքը վերաբերում է հատկապես իմպիչմենթի գործընթաց սկսելուն և դրանով պայմանավորված՝ թեկնածու առաջադրելու իմպերատիվին), դա դարձավ թնջուկներից մեկը՝ առիթ տալով բավականին լայն քննարկումների։ Բայց այս քննարկումները որքան երկարեն, այնքան շարժման հնարավորությունները մաշվելու են»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Արա Պողոսյանի՝ Բագրատ սրբազանը գոնե այս պահին շարժումը պետք է առաջնորդի առանց լիդերների մասին խոսելու՝ մինչև շարժումը վերջնականապես կհասնի կոնկրետ քաղաքական հանգրվանի, այն է՝ վարչապետի հրաժարականը պահանջելուն և սեփական թեկնածու առաջադրելուն։
«Մարտավարական և ռազմավարական նպատակներից ելնելով՝ լավ կլինի, որպեսզի Սրբազանն ինչ-որ պահից շարժումը հանձնի քաղաքական ուժերին։ Քաղաքական ուժերը պայքարը կշարունակեն զուտ քաղաքական հարթության մեջ։
Սակայն գործընթացը բոլորովին այլ ուղղությամբ գնաց, և սրանով պայմանավորված՝ պետք է այլևս նոր մարտավարություն որդեգրվի։ Վերջերս տեղեկացանք, որ պատրաստվում են Սրբազանի թեկնածությունն առաջադրել, ինչը նոր հանգամանք կլինի՝ իր դրական և բացասական հետևանքներով։ Հետևաբար այս պահին գոնե վաղ է խոսել շարժման հաղթանակի կամ մարելու մասին։ Բայց պետք է ասել, որ կան բոլոր հնարավորությունները՝ հավասարապես և՛ հաջողելու, և՛ ձախողելու շարժումը»,- նշեց Արա Պողոսյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ Սրբազանի թեկնածությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է դրական ազդեցություն ունենալ, քանի որ Տավուշի թեմի առաջնորդն այս պահին ամենամեծ հեղինակությունն ունեցող անձն է։ Սրան գումարած՝ նաև էյֆորիայի ազդեցությունը և տարբեր հանգամանքներ։
«Ինչ վերաբերում է նրա թեկնածության բացասական հետևանքներին, ապա դրանք պետք է դիտարկել երեք ուղղությամբ՝ իրավական քաղաքական և ազգային։ Իրավական առումով դա Սրբազանի երկքաղաքացիություն ունենալու հանգամանքն է։ Սահմանադրական այս արգելքը հաղթահարելու համար ստիպված պետք է լինենք փոխել սահմանադրական կոնկրետ նորմը։ Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ սահմանադրական այս նորմի փոփոխությունը նման է Պանդորայի արկղը բացելուն։ Միայն ՀՀ քաղաքացիություն ուեննալու իմպերատիվը ձևավորվել է անվտանգային բավականին լուրջ հանգամանքներ հաշվի առնելով։ Նման իմպերատիվից հրաժարվել կարող են հակահետախուզական, արտաքին հետախուզական ծառայություններ ունեցող այնպիսի երկրներ, որոնք բավական ուժեղ են աշխատում և կարող են բացառել օտարերկրյա գործակալների կամ ներդրված մարդկանց՝ երկիր մուտք գործելու հավանականությունը»,- ամփոփեց քաղաքագետը։





