Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի՝ Ամանորից անմիջապես հետո ստորագրվելու մասին «Коммерсантъ»-ի հոդվածը հերթական կեղծ արտահոսքն է։
Հիշեցնենք՝ ըստ այս պարբերականի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո:
«Մասնագիտության բերումով ես բավականին ուշադիր եմ մամուլի արտահոսքերի հանդեպ։ Հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսի առնչությամբ «Коммерсантъ»-ն արդեն մի քանի անգամ սուտ տեղակատվական արտահոսքեր է թույլ տվել, և նրա կանխատեսումներն ու սեփական ինֆորմացիան միշտ իրականությանը չեն համապատասխանել։
Կարծում եմ՝ այս անգամ ևս հերթական ստի և կեղծիքի կրկնությունն է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Դավիթ Ստեփանյանը միաժամանակ հավելեց՝ չի կարծում, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ ոչ պաշտանական գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև բանակցություններ են տեղի ունեցել։
«Տեսեք, թե ինչ ձևակերպում է օգտագործվում՝ կողմերը քննարկել են խաղաղության օրակարգը, այսինքն՝ մարդիկ ուղղակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են այնպես, ինչպես Փաշինյանն օրինակ հանդիպել է Տոկաևի կամ Լուկաշենկոյի հետ։ Հանդիպել են և մի քանի նախադասություն փոխանակել, քննարկել են խաղաղության օրակարգը, ընդհանուր դրույթները, ոչ թե պայմանագիրը։
Ես չեմ կարծում, որ Սանկտ Պետերբուրգում որևէ պայմանավորվածություն է եղել»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մի քանի օրվա ընթացքում։
«Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել 10 կամ 5 օրվա ընթացքում։ Մենք ուղարկել ենք մեր առաջարկները, սա արդեն 6-րդ փոխանակումն է։ Եթե Ադրբեջանը ոչինչ չփոխի, նոր առաջարկներ չանի… մենք կարող ենք դա անել մի քանի օրվա ընթացքում»,- ասել էր Սիմոնյանը։